Հայտնի ռոք երաժիշտ, SOAD խմբի հիմնադիրներից Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հղել ՀՀ քաղաքացիներին՝ ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու կապակցությամբ:
Թանկյանը հիշեցրել է, որ տարիներով ՀՀ քաղաքացիների մեծ մասը քվեարկել է ոչ իրենց ցանկություններին համապատասխան:
Նա, մասնավորապես, նշել է.
«Նրանք ենթարկվել են կաշառքի, վախի և անտարբերության, քանի դեռ անտեսում ենք Հայաստանի պայծառ ապագան: Քաղաքացիների մի մասը, որն ապրում է այլ երկրներում, հիմնականում զրկված է քվեարկելու իրավունքից: Ինչո՞ւ: Քանի որ քվեն ճշմարտություն է, քվեն ժողովրդի կամքն է, քվեն ուժ է: Ես չեմ ապրում Հայաստանում և քվեարկելու իրավունք չունեմ, բայց ամբողջ սրտովս ուզում եմ աջակցել ձեր սուրբ քվեարկությանը՝ ստեղծելու համար ավելի լուսավոր ապագա մեր բոլորի համար: Դրա համար մենք քաջալերում ենք անկախ դիտորդների ներկայությունը ընտրատեղամասերում՝ որպես ձեր քվեարկության աչքերն ու ականջները»,- հայտարարել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Թանկյանը և ուրիշ հայտնի հայեր կժամանեն Հայաստան՝ դիտարկելու 2017թ․ ապրիլի խորհրդարանական ընտրությունները։
Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և նշանավոր այլ գործիչներ նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» արշավը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։