Երևան քաղաքի Սարալանջի 1 հասցեում գտնվող նախկին «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ հանձնված 31780,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը կազմել է 805 մլն 623 հազար դրամ, իսկ շուկայականին մոտարկված արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ՝ 2004 թվականի հունվարի 16-ին օտարվել է 62 մլն 973 հազար 405 դրամով:
Դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում, առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2004 թվականին Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ 2004 թվականի հունվարի 16-ին Երևանի քաղաքապետը, խախտելով «Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշումը, ինչպես նաև Հողային օրենսգրքի պահանջները, պետական սեփականություն հանդիսացող՝ նախկին «Երիտասարդական պալատ» ՊՓԲ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված Սարալանջի 1 հասցեում գտնվող 31780,0 քմ մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը 805 մլն 623 հազար դրամ է, իսկ շուկայականին մոտարկված արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքից էականորեն պակաս գնով՝ 62 մլն 973 հազար 405 դրամով, առանց օրինական հիմքերի օտարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Բացի այդ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով 2011 թվականին «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը կադաստրային արժեքով օտարվել են նաև Սարալանջի 1 հասցեում գտնվող 53.0 քմ և 4854.86 քմ մակերեսներով հողամասերը, մինչդեռ դրանցից 53.0 քմ մակերեսով հողամասը, համաձայն Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ-ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2005 թվականի գրության, ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ենթակա չի եղել օտարման:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, նոտարի, ինչպես նաև այլ անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպք՝ 2023 թվականի ապրիլի 20-ին դատախազի կողմից առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի ապրիլի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք կատարելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի մայիսի 5-ին, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, հայց է ներկայացրել Վարչական դատարան: