Երեւան-Դուբայ չվերթի ինքնաթիռի հարկադրված վայրէջքի պատճառը փաստաթղթերի հետ խնդիրներն են եղել․ Քաղաքավիացիայի կոմիտե
Advertisement 1000 x 90

Երեւան-Դուբայ չվերթի ինքնաթիռի հարկադրված վայրէջքի պատճառը փաստաթղթերի հետ խնդիրներն են եղել․ Քաղաքավիացիայի կոմիտե

FlyOne Armenia ավիաընկերության՝ Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող ինքնաթիռի հարկադրված վայրէջքի պատճառը փաստաթղթերին առնչվող խնդիրներն են եղել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։

«Փաստաթղթերի հետ կապված թյուրիմացություն է առաջացել, բայց չի նշանակում, որ ավիաընկերությունը փաստաթղթեր չի ներկայացրել կամ թերի փաթեթ է ներկայացրել»,- ասաց Աղաբեկյանը։

Հիշեցնենք, որ «FlyOne Armenia» ընկերության՝ Երեւան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռը երեկ՝ մայիսի 7-ին, վայրէջք էր կատարել Իրանում՝ Շիրազի օդանավակայանում։

Ընկերությունն ավելի ուշ հայտնել էր, որ դեռեւս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ մայիսի 7-ին Դուբայի օդային երթեւեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության՝ Դուբայ-Երեւան չվերթն իրականացնող օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավը վայրէջք է կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչեւ խնդրի պարզաբանումը։