iPhone 16-ը և iPhone 16 Pro-ն ձայնի կարգավորման հատուկ կոճակներ կստանան
Advertisement 1000 x 90

iPhone 16-ը և iPhone 16 Pro-ն ձայնի կարգավորման հատուկ կոճակներ կստանան

Հաջորդ տարի արտադրվելիք iPhone 16 և iPhone 16 Pro մոդելները կունենան ձայնի հատուկ կոճակներ, որոնք սեղմելիս սենսորի տպավորություն կթողնեն, ինչպես նաև էկրանի տակ գտնվող Face ID ֆունկցիա, այս մասին ասել է Bloomberg-ի խմբագիր Մարկ Գուրմանը։

Նախկինում հրապարակված արտոնագրային գծագրերը ցույց են տալիս, որ նոր հատուկ կոճակները կկարողանան տարբերակել սեղմման ուժի տարբեր աստիճաններ, ինչը թույլ կտա ավելի շատ գործառույթներ իրականացնել։ Օրինակ՝ թեթև սեղմելու դեպքում ձայնը դանդաղ կբարձրանա, իսկ ավելի ուժեղ սեղմելու դեպում՝ ավելի արագ։

Բացի դրանից, Face ID սենսորների տեղադրումը էկրանի տակ կնվազեցնի էկրանի կտրվածքի չափը, իսկ ապագայում ընկերությունն ամբողջությամբ կհրաժարվի դրանից, երբ էկրանի տակ տեղադրվի նաև առջևի տեսախցիկը։ Բայց iPhone 16-ի և iPhone 16 Pro-ի դիմացի պանելին կլինի մի փոքրիկ բացվածք՝ առջևի տեսախցիկի համար, ինչպես շատ ժամանակակից Android սմարթֆոնների դեպքում է:

Մի քանի ամիս առաջ մատակարարման շղթայի աղբյուրները հայտնել էին, որ iPhone 15 Pro-ն կունենա ձայնի մեկ ամբողջական հատուկ կոճակ, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Apple-ը բախվել է որոշ խնդիրների, ինչի հետևանքով չի կարող iPhone 15 Pro-ի համար այդպիսի կոճակներ արտադրել։

Tianfeng International-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն Wccftech.com-ի հետ զրույցում ասել էր, որ տեխնիկական խնդիրների պատճառով Apple-ն առայժմ հրաժարվել է այդ գաղափարից: «Իմ վերջին հարցումը ցույց է տալիս, որ զանգվածային արտադրությանն ընդառաջ չլուծված տեխնիկական խնդիրների պատճառով երկու բարձրակարգ՝ iPhone 15 Pro մոդելների (Pro և Pro Max) դեպքում կհրաժարվեն հատուկ կոճակից և կվերադառնան ավանդական ֆիզիկական կոճակների դիզայնին»,- ասել էր նա։

news.am