Nissan-ը մխրճվել է Երևանում գործող բանկերից մեկի տարածք (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Nissan-ը մխրճվել է Երևանում գործող բանկերից մեկի տարածք

Այսօր՝ մայիսի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Nissan Fuga մակնիշի ավտոմեքենան Կիևյան փողոցում մխրճվել է Երևանում գործող բանկերից մեկի տարածք, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինն օգնության են հասել բանկի աշխատակիցները, իսկ վթարի հետևանքով էլ բանկի մեկ այլ աշխատակից մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցկի առաջ խոսել, ֆոտոլագրողի հետ զրույցում ասում էին․ «Սենց բան մենակ կինոներում կտենաս։ Ուժեղ ձայն լսեցինք, մեկ էլ տեսնենք ի՞նչ՝ ավտոն մտել է բանկ։ Լավ էր՝ մինչև շտապօգնությունը կգար, բանկի աշխատողները շոֆերին ու մի երիտասարդ աղջկա, ով անցնում էր այդ վայրով, օգնություն ցուցաբերեցին։ Ու երբ սկորին եկավ, վիրավորին բանկի աշխատակիցները բժիշկների հետ մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային։

Հիմա ոնց չասես՝ հալալ ա էդ բանկի աշխատողներին։ Շոֆերը իրենց մի քանի միլիոնի վնաս է տվել, բայց իրենք իրենց մարդկային քայլը արեցին։ Առաջին պահից օգնության հասան։ Միակ սփոփանքը էն ա, որ լավ ա՝ զոհեր չկան։ Մնում ա` իրավապահները պարզեն, թե ինչն է եղել վթարի պատճառը։ Միգուցե վարորդի ինքնազգացությունն ա վատացել, միգուցե ավտոմեքենայի հետ տեխնիկական խնդիր է առաջացել, միգուցե այլ պատճառ է եղել»։