Ընկերությունից գաղտնի տվյալների արտահոսքի հեղինակին գտնելու համար Apple-ը վարվել է Տիրիոն Լաննիսթերի նման
Advertisement 1000 x 90

Ընկերությունից գաղտնի տվյալների արտահոսքի հեղինակին գտնելու համար Apple-ը վարվել է Տիրիոն Լաննիսթերի նման

Apple-ն իրականացրել է «բազմաքայլ օպերացիա»՝ բացահայտելու և աշխատանքից ազատելու աշխատակցին, որը նոր արտադրանքների մասին տվյալները փոխանցում էր երրորդ կողմի։ Ընկերությունը վարվել է այնպես, ինչպես «Գահերի խաղը» բազմասերիանոց ֆիլմի հերոս Թիրիոն Լաննիսթերը։

Ինչպես տեղեկացնում է Macworld-ը, @analyst941 անունով Twitter-ի օգտատերը վերջերս կիսվել էր iOS 17 օպերացիոն համակարգի մասին որոշ արտահոսած տվյալներով և Apple-ի գալիք արտադրանքների մասին այլ տեղեկություններով: Հենց այս արտահոսքն էլ մատնանշում էր  տեղեկությունները տարածողին:

Ինչպես պարզվել է, ընկերության տեղեկատվական անվտանգության վարչությունը կանխամտածված սխալ տեղեկություն է տրամադրել որոշ աշխատակիցների, որոնց կասկածել է արտահոսքի մեջ։ Օրինակ՝ թվիթերյան @analyst941 օգտատիրոջը տեղեկություններ փոխանցած աշխատակցին տրվել են Apple iPad-ի համար նախատեսված Final Cut Pro և Logic ծրագրերի թողարկման վերաբերյալ կեղծ ամսաթվեր: Եվ երբ այս տվյալները հայտնվել են ցանցում, ընկերությունն անմիջապես պարզել է, թե կոնկրետ որ աշխատակիցն է այդ տեղեկությունը փոխանցում։

Նման մեթոդ կիրառվում է նաև «Գահերի խաղը» հեռուստասերիալում, որտեղ հեռուստադիտողների շրջանում ամենահայտնի կերպարներից մեկը՝ Թիրիոն Լաննիսթերը, միտումնավոր կեղծ տվյալներ է տրամադրում երեք հերոսի, որոնց նա կասկածում էր, որ ստացված բոլոր տեղեկությունները փոխանցում են իր քրոջը՝ թագուհի Սերսեյ Լաննիսթերին։ Իմանալով, թե որ վարկածն է հասել քրոջը, նա այդ կերպ պարզում է, թե կոնկրետ ով է թագուհուն պատմել այդ մասին և հետևաբար ով է տեղեկությունները նրան մշտապես փոխանցողը։

Փաստորեն նույն մեթոդն օգնել է բացահայտել Apple-ից գաղտի տեղեկությունների արտահոսքի հեղինակին։ Ավելի ուշ @analyst941 օգտատերը խոստովանել է, որ Apple-ում աշխատող իր քույրն է ինսայդերը, ինչից հետո աշխատակիցը հեռացվել է Apple-ից։ Այժմ @analyst941 օգտատերը վախենում է, որ Apple-ը կարող է դատի տալ իրեն և իր քրոջը: Ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար @analyst941-ը որոշել է ընդմիշտ ջնջել Twitter-ի իր օգտահաշիվը։

news.am



Նման նյութեր