Լեհ հնագետները Հայաստանում 3000-ամյա հացի փուռ են հայտնաբերել. ԶԼՄ
Advertisement 1000 x 90

Լեհ հնագետները Հայաստանում 3000-ամյա հացի փուռ են հայտնաբերել. ԶԼՄ

Հայաստանում մեծ շինության ավերակները պեղելիս հնագետները մի ինչ-որ արտասովոր բան են նկատել՝ դարչնագույն ցեխում՝ սպիտակ փոշու շերտ։

Սկզբում Մեծամորի հնագիտական տեղամասի հնագետները մտածել են, որ մոխրանման նյութը հենց մոխիր է, տեղեկացրել է Science in Poland-ը։ Նյութը հայտնաբերվել է մեծ շինության ավերակներում, որտեղ մի քանի փռեր կային։

Նյութի ուսումնասիրությունից հետո հետազոտողները հասկացել են, որ իրականում դա պահպանված ալյուր է, Science in Poland-ին տեղեկացրել է հնագետ Քշիշտոֆ Յակուբյակը։ Հնագիտական պեղումների ժամանակ ալյուր հազվադեպ է հայտնաբերվում, բայց ավերակներում մի քանի պարկ ալյուր է հայտնաբերվել, ասել է նա։

Գտածոն թույլ է տվել հնագետներին եզրակացնել, որ շինությունը 3000-ամյա հացի փուռ է։

Հնագետների խոսքով՝   շինությունն օգտագործվել է մ.թ.ա. 11-րդ դարի վերջից մինչեւ մ.թ. 9-րդ դարի սկիզբը։ Սկզբում այն գործել է որպես հանրային շենք։ Ավելի ուշ ավելացվել են վառարաններ, եւ շենքը տնտեսական դերակատարություն է ձեռք բերել, քանի որ մարդիկ, հավանաբար, ցորենի ալյուրն օգտագործել են հաց թխելու համար։

Ի վերջո, շինությունը փլուզվել է հրդեհի պատճառով։

Երբ հնագետները սկսել են պեղումները, նրանք պարզել են, որ սա հանրային շենք է, նշվել է Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության լեհական կենտրոնի 2022թ. հաղորդագրությունում։

Այնուամենայնիվ, դեռ բոլոր շենքերը չէ, որ պեղվել են, եւ գուցե հնագետներն էլի նոր գաղտնիքներ կբացահայտեն։

Փորձագետների խոսքով՝ շինությունը գտնվում է Մեծամորի հնագիտական հուշարձանի այն հատվածում, որը հայտնի է որպես ստորին քաղաք։ Ստորին քաղաքը գտնվում է ամրությունների հիմնական ցանցի սահմաններից դուրս։

Քաղաքը բնակեցված է եղել մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչեւ մ.թ. 17-րդ դարը, նշվել է հնագետների հաղորդագրությունում։

Մեծամորի ամենահին մասի (գերեզմանատնից բաժանված է պատով) պեղումների ժամանակ հայտնաբերվել է մոտ 100 գերեզման։

Այդ գերեզմաններից շատերը դատարկ էին, քանի որ թալանվել էին մի ինչ-որ պահի, բայց թալանի չենթարկված գերեզմաններից մեկում հայտնաբերվել են մի քանի ոսկե կախազարդեր եւ մոտ 100 ոսկերչական ուլունքներ։

Մեծամորը մ.թ.ա. 11-9 դարերի մեծ ամրոց էր՝ յոթ սրբատեղիներով շրջապատված, դա մոտավորապես այն ժամանակաշրջանն էր, երբ օգտագործվել է հացի փուռը, նշվել է հաղորդագրությունում։ Քաղաքը դարձել է տարածաշրջանի տնտեսական, մշակութային եւ քաղաքական կենտրոնը։

Ի վերջո, այն նվաճվել է մ.թ.ա. 8-րդ դարում եւ դարձել Ուրարտուի թագավորության մասը, նշել են հնագետները։

Մեծամորի պեղումները սկսվել են 1965թ. եւ շարունակվում են առ այսօր։ Լեհ-հայկական համատեղ պեղումները սկսվել են 2013թ., գրել է Miami Herald-ը։