Որոնք են այս տարվա պահանջված մասնագիտությունները
Advertisement 1000 x 90

Որոնք են այս տարվա պահանջված մասնագիտությունները

Ավարտվել է 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրումը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանի փոխանցմամբ՝ այս տարի հանրապետության բուհերն ունեցել են 14.300 դիմորդ, իսկ 2022թ. նրանց թիվը կազմել է 12.996։

Ամենապահանջված մասնագիտությունների ցանկը գլխավորում է «Բուժական գործ»-ը (ԵՊԲՀ): 450 տեղի համար դիմել է 661 հոգի:

«Կառավարում» (ՀՊՏՀ) բաժնում 200 տեղի համար հայտագրվել է 327 դիմորդ: «Ֆինանսներ» (ՀՊՏՀ) բաժնում 200 տեղի համար դիմել է 325 հոգի:

«Իրավագիտություն» (ԵՊՀ) բաժնում 140 տեղի համար դիմել է 303 հոգի: «Տնտեսագիտություն»-ում (ՀՊՏՀ)՝ 199 տեղի համար՝ 276, «Ճարտարապետություն»-ում (ՃՇՀԱՀ)՝ 228 տեղի համար դիմել է 270 հոգի։

«Հաշվապահական հաշվառում և հարկում» (ՀՊՏՀ) կրթական ծրագրի համար 199 տեղի համար դիմել է 267 հոգի։

«Ստոմատոլոգիա» (ԵՊԲՀ) բաժին դիմել է 264 դիմորդ, իսկ հատկացված տեղերն ընդամենը 137-ն են:

«Շուկայագիտություն» (ՀՊՏՀ) բաժին դիմել է 255 հոգի, հատկացված է 149 տեղ:

«Ինֆորմատիկա և կիրառեկան մաթեմատիկա» (ԵՊՀ) բաժնում հատկացված է 210 տեղ, դիմել է 254-ը:

Առաջատար բաժինների ցանկը գրեթե նույնն է եղել նաև նախորդ տարի: Նախորդ տարի առաջատարների շարքում նաև «Սեվիս»-ն է եղել:

6 տարվա ընդմիջումից հետո բուհ ընդունված երիտասարդների մի մասն այս տարի բանակ չի գնա՝ օգտվելով տարկետման իրավունքից:

ԳԹԿ մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ տարկետման համար առանձնացվել է 10 մասնագիտություն:

Կառավարության որոշմամբ՝ ամեն տարի պետությունն առաջնահերթ ուղղություններ է ընտրելու, և այս տարի դա բնագիտական ոլորտն է։ Հիմնականում ԵՊՀ-ի ու Պոլիտեխնիկի ֆիզիկայի ու քիմիայի մասնագիտացումներն են։

«Եթե բարձր միավորով ընդունվել են անվճար տեղեր, ապա ուսման 4 տարիների ընթացքում չեն զորակոչվի բանակ՝ անկախ նրանից՝ առաջին կուրսից հետո կտեղափոխվե՞ն վճարովի համակարգ, թե՞ ոչ»,- նշեց Խաչանուշ Գրիգորյանը:

Անի Կարապետյան

168.am