Մթին և՛ իրենց են վտանգի տակ դնում, և՛ մեզ. Վարորդները՝ փողոցը մաքրողների մասին
Advertisement 1000 x 90

Մթին և՛ իրենց են վտանգի տակ դնում, և՛ մեզ. Վարորդները՝ փողոցը մաքրողների մասին

Վարորդներին առավոտյան խանգարում են ինքնագլորներով, հեծանիվներով, մոտոցիկլետով մարդիկ, ոչ անցումներով և ոչ կանաչ լույսի ժամանակ փողոցն անցնող հետիոտները, իսկ երեկոյան՝ փողոցները մաքրող մարդիկ:

«Մթին և՛ իրենց են վտանգի տակ դնում, և՛ վարորդներին: Մթին վարում ես ու տեսնում ես՝ մեկը փողոցի մեջտեղում ավել է անում, և սա այն դեպքում, որ հեռվից չեն երևում, քանի որ փողոցների լույսերը ժամը 01:00-ից հետո անջատում են: Մի ժամանակ 05:00-07:00 էին փողոցները մաքրում, ու այդ ժամին և՛ փողոցներն էին դատարկ, և՛ լուսանում էր արդեն: Ուղիղ ճանապարհի մեջտեղը կանգնած մի  60-65 տարեկան կին ասֆալտին թափված բետոնն էր քերում ու, եթե մի քիչ լույսերս վատ լինեին, մի քիչ էլ ես անուշադիր լինեի, հաստատ լավ բան չէր ստացվելու: Հետևից եկող մեքենան էլ գրեթե վրաերթի էր ենթարկում կնոջը: Կանգնել, խնդրել եմ, որ չմաքրի, վտանգավոր է, չի երևում հեռվից»,- սոցիալական ցանցերում դժգոհում են  վարորդները:

Անգամ առաջարկում են հագուստի փոփոխություն կատարել:

Մաքրողներն էլ իրենց հերթին են դժգոհում:

«Եթե նախկինում աշխատում էինք գիշերը 02:00-ից մինչև 05:00-ն, ապա հիմա ժամերը փոխվել են՝ դառնալով 24:00-08:00-ն, ու շատերն այս գրաֆիկով աշխատել դժվարանում են ու դուրս են գալիս, և ստացվում է, որ մեկ փողոցի փոխարեն, մեկ հոգուն, հնարավոր է՝ բաժին հասնի 3-4 փողոց: Միակ լավ բանն այն է, որ աշխատավարձը բարձր է՝ 150.000 դրամ, որին գումարվում են պարգևավճարները, 13-րդ աշխատավարձը, իսկ նախկինում 70-80.000 դրամ էինք ստանում»,- նշեց մեր զրուցակիցը:

Նշենք, որ նախորդ տարի սեպտեմբերի 23-ի ավագանու նիստի ժամանակ ԲՀԿ ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը հայտնեց, որ առանձնատների բնակիչները դժգոհում են, որ գույքահարկը և ամեն ինչ թանկացել է, դժգոհում են նաև, որ չեն մաքրվում բակերը:

«Հիշում եմ, որ բավականին շատ աշխատողներ ընդունեցինք, բայց անարդար է, որ շենքերի բակերը մաքրվում են, իսկ սեփական սեկտորի բակերն ու փողոցները՝ ոչ»,- ասել էր ավագանու անդամը:

Նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանել էր. «Դուք ճիշտ եք հիշում, դեռ տարվա սկզբին էր, որ հաստիքացուցակ ավելացրեցինք 200 մաքրուհիներով, բայց, ցավոք, այդ 200 հաստիքը չենք կարողացել համալրել: Եթե չեմ սխալվում՝ շուրջ 50-ն ենք կարողացել համալրել: Այսինքն, այս պահի դրությամբ մենք խնդիր ունենք, և եթե քաղաքացիներ կան, ովքեր պատրաստակամություն ունեն աշխատել մեր հիմնարկում, մեծ սիրով սպասում ենք, անպայման կընդունենք աշխատանքի»:

Իսկ թե ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ են աշխատում վերոնշյալ ժամերին, և արդյո՞ք մաքրողների թիվը համալրվել է՝ հարցերին Երևանի քաղաքապետարանի արձագանքը կներկայացնենք ավելի ուշ:

Անի Կարապետյան

168.am