168.am-ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ վիճակագրական տվյալներով՝ ՀՀ-ում ձմեռային և գարնանային սեզոններին զբոսաշրջային այցելությունների աճ է գրանցվել՝ համեմատած նախորդ եռամսյակի և մյուս տարիների նույն ժամանակահատվածի հետ։
«Հարցը նրանում է, թե որքա՞ն դրական ազդեցություն ենք ունեցել, արդյո՞ք դրանից ստացել ենք առավելագույնը, և արդյո՞ք զբոսաշրջությունը՝ իր ողջ դերով ու նշանակությամբ, դրական ազդեցություն է ունեցել՝ տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական առումներով։ Այն, որ աճ ունենք՝ ակնհայտ է, դա վիճակագրական տվյալները ցույց են տալիս, ցավոք, դեռևս մեկ բան պետք է արձանագրել, որ կազմակերպված զբոսաշրջությունը դեռ չի մտել կայուն վերականգնման փուլ։ Մեզ խիստ անհրաժեշտ է կայուն, կազմակերպված զբոսաշրջությունը, որովհետև առավել պատասխանատու ու վերահսկելի է այդ զբոսաշրջությունը։ Չպետք է վախենանք վերահսկելի բառից, պատասխանատու բառից՝ առավել ևս, քանի որ սրանք մեզ համար շատ կարևոր են։ Սրանց միջոցով է, որ մենք կկարողանանք ապահովել միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան կայուն, պատասխանատու, համընդհանուր հասանելի զբոսաշրջություն, ապահովել էթիկայի կանոններին համապատասխանող զբոսաշրջություն, որով նաև պետք է կարողանանք լուծել՝ ինչպես տնտեսական, սոցիալական, այնպես էլ՝ մշակութային ու քաղաքական խնդիրները։ Չքաղաքականացնելով, բայց այո, զբոսաշրջությունն ի վիճակի է նպաստել նաև քաղաքական խնդիրների լուծմանը։ Սա է խնդիրը, և մենք հանդես ենք գալիս՝ կազմակերպված զբոսաշրջությանն աջակցելու, զարգացնելու, ամրապնդելու օգտին»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։
Այս համատեքստում նա անդրադարձավ ՀՀ անվտանգային մարտահրավերներին և դրա ազդեցությանը զբոսաշրջության վրա, ընդգծելով, որ զբոսաշրջությունը նման երևույթների նկատմամբ շատ զգայուն է, ինչպես հիվանդությունների, այնպես էլ անկայուն, պատերազմական իրավիճակների նկատմամբ։ Հետևաբար՝ նման իրավիճակը չի կարող բացասական ազդեցության չունենալ զբոսաշրջության վրա։
«Սրան զուգահեռ՝ Հայաստանի համար նպատակային զբոսաշրջային շուկա հանդիսացող երկրների, այդ թվում՝ բարեկամ երկրների իրավասու մարմինների կայքերում Հայաստանը ներկայացված է որոշակի անվտանգային զգուշացումներով, սահմանափակումներով։ Այսինքն՝ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերը ներկայացված են կարմիրով և նշում են, որ այդքան էլ խորհուրդներ չի տրվում այցելել։ Այս ուղղությամբ անպայման պետք է աշխատանքներ տարվեն՝ դիվանագիտական խողովակներով, սփյուռքի ներուժն օգտագործելով և առհասարակ պետական ու մասնավոր բոլոր հարթակներն օգտագործելով։ Շատ դեպքերում այդ անվտանգային հարցերը շատ չափազանցված են ներկայացված, այո, մենք այսօր ունենք այդ անվտանգային խնդիրները, բայց դրանք չափազանցված են ներկայացված տարբեր տեղեկատվական հարթակներում։ Զբոսաշրջիկների մոտ նույնպես չափազանցված պատկերացումներ կան, այդ պատճառով էլ աշխատանքներ պետք է տանել՝ ինչպես իմ նշած ուղղություններով, այնպես էլ՝ խնդիրը կարող ենք լուծել շատ նուրբ ու նպատակային միջոցներ կիրառելով՝ համաշխարհային հանրությանը ցույց տալով իրական պատկերը՝ օրինակ, Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելով ու դրանք լայնորեն լուսաբանելով։ Հետաքրքիր տոնածիսական, մշակութային փառատոներ կազմակերպելով, որտեղ այցելում են նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ տարբեր երկրներից։ Ամեն ինչ պետք է անենք, որ Սյունիքում, Վայոց ձորում և հանրապետության մնացած բոլոր մարզերում կարողանանք նման միջոցառումներ կազմակերպել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Մեխակ Ապրեսյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսել են իրականացնել մի քանի միջոցառում՝ ուղղված այդ նպատակին։ Այդ միջոցառումներից են Արենիի գինու փառատոնը, Սյունիքում նախատեսված է ոչխարների խուզի փառատոնը, օգոստոսի 10-11-ին կանցկացվի Նավասարդ հայ-իրանական խոհանոցային փառատոնը։ Առաջին անգամ տեղի կունենա նաև հայ-վրացական խոհանոցային փառատոն՝ «Միմինո» խորագրով, Երևանում կանցկացվի նաև Երևանյան գինու օրերը։
«Կարծում եմ՝ այս տարի ամռանը մենք կկարողանանք ընդունել այն քանակը, ինչ քանակ որ կպահանջվի։ Իհարկե, դրան զուգահեռ՝ պետք է մտածել հետագայում հնարավոր աճին պատրաստվելու մասին, հատկապես՝ ենթակառուցվածքների մասին, ինչը չի նշանակում միայն ննջատեղեր, առհասարակ եմ ասում։ Այստեղ նաև մեկ շատ կարևոր բան կա, մենք ոչ թե պետք է պատրաստ լինենք որոշակի քանակ ընդունելու և այդ քանակը ծափահարելու, այլ նորից համոզվելու և այնպիսի քաղաքականություն վարելու, որ ոչ թե զբոսաշրջության քանակով ուրախանանք, այլ իրապես դրանից օգտվենք՝ և տնտեսական, մշակութային ու քաղաքական առումներով»,- եզրափակեց Մեխակ Ապրեսյանը։
Զվարթ Խաչատրյան