Երևանում 11 ամսական երեխայի հետ շենքից նետված կինը նախկին հաղորդավար էր, վլոգեր. Sputnik Արմենիա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երևանում 11 ամսական երեխայի հետ շենքից նետված կինը նախկին հաղորդավար էր, վլոգեր. Sputnik Արմենիա

Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Սվաճյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից մանկահասակ երեխայի հետ նետված և տեղում մահացած 29-ամյա կինը տարիներ առաջ աշխատում էր հաղորդավար, նրան ամուսնության առաջարկ էր արվել Հանրային հեռուստաընկերության եթերում: Տեղեկությունը հայտնում է Hayastan.news-ը։

«Ամուսնությունից հետո հինգ ամիս ընտանիքով բնակվել է Հայաստանից դուրս, վերջերս նշել է որդու տասը ամսականը և իր 29-ամյակը»,–գրում է կայքը։

Sputnik Արմենիային հայտնի դարձավ, որ մահացածը Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի, վլոգեր Օվսաննա Սիմոնյանն է։ Տարիներ առաջ նա Առաջին ալիքի եթերում դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանի, թատրոնի և կինոյի պրոդյուսեր Արթուր Ղուկասյանի և նկարչուհի Արև Պետրոսյանի հետ վարում էր «Կապրենք, կտեսնենք» հաղորդաշարը:

Ավելի վաղ ՔԿ–ն հայտնել էր, որ հարուցված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր 11 ամսական տղայի հետ նետվելու եղանակով ինքնասպան է եղել։

Որպես վկա հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, շենքի բնակիչները: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվել են դեպքի վայրի զննություններ:

Հիշեցնենք` հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկի տանիքում հայտնաբերվել է կնոջ դի և մանկահասակ երեխա, որն էլ մահացել է հիվանդանոցում։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցած պատճառները, հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: