Վերջերս Doja Cat-ը հայտնվել էր կապույտ շրթներկով, ինչպես եւ Ռիտա Օրան: Անցյալ տարվա CFDA մրցանակաբաշխության ժամանակ Ջիջի Հադիդը ընտրել էր մոխրագույն երանգը: Ամբողջ TikTok-ում դիմահարդարներն ու շատերը օգտագործում են այնպիսի երանգներ, որոնք ձեռնոց են նետում տիպիկ շրթներկին՝ դրանով իսկ միլիոնավոր դիտումներ ստանում։ Այս ամենն արվում է ոչ միայն ցնցելու համար, գրում է Harper’s Bazzar-ը:
Շրթներկի տարօրինակ եւ ոչ սովորական երանգները, որոնք դուք ժամանակին կարող էիք թատերական համարել, երբեք ավելի բարձրաճաշակ տեսք չեն ունեցել: Որպես օրինակ՝ նշենք Euphoria-ի դիմահարդար Դոնի Դեյվիին, ով վերջերս թողարկել է կապույտ շրթներկ եւ աչքի մատիտ իր Half Magic դիմահարդարման գծի համար:
Նույնիսկ Dries Van Noten-ը միացել է կանացի տարօրինակ շուրթերի թրենդին՝ վերջերս թողարկելով երկու համարձակ երանգներ՝ Digital Violet (խորը մանուշակագույն կապույտի երանգով) եւ Lovely Lilac (սյուրռեալիստական գունատ մանուշակագույն): «Այս շրթներկները եզակի են եւ տարբերվում են միմյանցից, սակայն դրանք աներեւակայելի շքեղ եւ բարդ են թվում կիրառելիս»,-ասում է դիմահարդար Լյուսի Բրիջը, ով դրանք օգտագործել է արվեստի վառ, բայց էպիկական գործեր ստեղծելու համար:
Սոցիալական մեդիան կատալիզատոր է համարվում համարձակ եւ ոչ սովորական շուրթերի այս նոր դարաշրջանի համար: Դիմահարդար Աոիֆ Քալենը միլիոնավոր դիտումներ է հավաքել իր TikTok-շարքում, որտեղ նա փորձում է «տարօրինակ շուրթերի համադրություններ»: Նա սկսեց հրապարակել իր շուրթերի երանգային լուծումները 2022 թվականին՝ օգտագործելով ամեն ինչ՝ արծաթագույն ստվերաներկից մինչեւ դեղին հեղուկ ստվերաներկ՝ համակցված մոխրագույն մատիտի հետ: «Ես սիրում եմ ցանկացած տարօրինակ բան կամ այն, ինչ դեմ է գնում կանոններին՝ հատկապես դիմահարդարման մեջ», – ասում է նա:
Բայց շուրթերի անսովոր գույների արագ եւ տպավորիչ աճը հասկանալու համար կարեւոր է նաեւ հիշել նորաձեւության անհավանական ցիկլային բնույթը: Նորաձեւության պատմաբան Էյնավ Ռաբինովիչ-Ֆոքսը մատնանշում է շուրթերի ոչ ավանդական ծագումը. «Սեւ եւ կապույտ շրթներկի գյուտը ծագել է վաղ հոլիվուդյան եւ սեւ ու սպիտակ ֆիլմերում, քանի որ մուգ շրթներկը տեսախցիկի վրա ավելի լավ էր երեւում, քան կարմիրը… մուգ գույներն իսկապես մտան նորաձեւության մշակույթ 1980-ականների եւ 1990-ականների այնպիսի ենթամշակույթների շնորհիվ, ինչպիսիք են պանկը եւ գրանժը: