Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող այն տեղեկության մասին, թե մետրոն մի քանի րոպե կանգ է առել «Բարեկամություն»-«Բաղրամյան» ճանապարհի թունելում:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է․ «Հրապարակման մեջ նկարագրվում է, թե իբրև «գնացքի երթևեկության ժամանակ լսելի է եղել բարձր խշշոց և անհասկանալի այլ ձայներ , ինչից հետո գնացքը մի քանի րոպե կանգ է առել թունելում»։
Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատում է 24/7 ռեժիմով։ Մետրոպոլիտենում բոլոր աշխատանքները տարվում են հատուկ հրահանգների և ներքին անվտանգության կանոնների համաձայն։
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքների համաձայն այսօր էլ ժամը 09։52 րոպեին մետրոպոլիտենի աշխատակիցները գնացքով մտել են Բաղրամյան – Բարեկամություն 118 նշակետ՝ հորանները ստուգելու նպատակով։
Մեքենավարը՝ հրահանգի համաձայն, 30 վրկ․ կանգնում է , որից հետո անվտանգության բոլոր նորմերին հետևելով և համապատասխան հագուստով մետրոպոլիտենի աշխատակիցներն իջնում են թունել։
Ժամը 10։19-ի դրությամբ,ավարտելով ստուգման աշխատանքները, աշխատակիցները թունելից դուրս են եկել մեկ այլ ուղևորատար գնացքով։
Հարկ ենք համարում ընդգծել ,որ ամենն արվում է ուղևորների անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը ապահովելու նպատակով։
Լրատվամիջոցներին հորդորում ենք Մետրոպոլիտենի գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ ձեզ համար միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»։