Կալանավորվել է «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի քույրը
Advertisement 1000 x 90

Կալանավորվել է «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի քույրը

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Կարինե Ղուկասյանը:

Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Քննչական կոմիտե մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Armtimes.com-ի տեղեկություններով նա «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի (հանրությանը առավել հայտնի «Դոգ» մականվամբ) քույրն է։

ՔԿ խոսնակի փոխանցմամբ՝ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կարինե Ղուկասյանը մտերիմ-անձնական կապերի մեջ է գտնվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության համապատասխան ծառայության աշխատակցի հետ և սոցիալական ցանցի հավելվածի միջոցով նրանք հաղորդակցվել են, որի ընթացքում Կարինե Ղուկասյանը, խնդրելու և համոզելու եղանակով դրդել է ոստիկանության ծառայողին իրեն տրամադրել ֆիզիկական անձի անձնական, հրապարակման ոչ ենթակա, ուղղակի կերպով անձին նույնականացնող տեղեկություններ։

«Պաշտոնատար անձը, հանցավոր համաձայնության գալով Կ․ Ղուկասյանի հետ՝ օգտվելով իրեն հասանելի ՀՀ կառավարման մարմինների շտեմարաններից, տեղեկությունները տրամադրել է Կ․ Ղուկասյանին։ Ձերբակալելուց հետո վերջինիս ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 46-204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ ոստիկանության ծառայողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (բազմաթիվ դրվագներով)»,- մանրամասնեց Աբրահամյանը։

ՔԿ մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ Կարինե Ղուկասյանի ձերբակալումից հետո միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը 22․06․2023թ․-ին դատարանի կողմից բավարարվել է և նա կալանավորվել է։

Նա նաև հայտնեց, որ ոստիկանության ծառայողի նկատմամբ ավելի վաղ, ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված այլ հանցավոր արարքներ կատարելու համար։

Ավելի վաղ ՔԿ-ում քննվող մեկ այլ վարույթի շրջանակում ձերբալվել, ապա կալանավորվել է Լուսինե Ղուկասյանը, որը ևս Վարդան Ղուկասյանի քույրն է․ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 46-րդ հոդվածի 4-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը)։

Հիշեցնենք, որ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։