
Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանի Հանրապետությունից հրատապ անհրաժեշտության դեղորայք են տեղափոխել Արցախ՝ և՛ Արցախի բնակչության, և՛ իրենց կարիքների համար:
«Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան, որը երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, հունիսի 24-ին ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։
Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանի Հանրապետությունից նաև հրատապ անհրաժեշտության դեղորայք են բերել Արցախ՝ և՛ Արցախի բնակչության, և՛ իրենց կարիքների համար:
Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։
ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հայտարարության մեջ:
Հունիսի 15-ից արդեն 10-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և խաղաղապահների կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչպես նաև դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ։