Անցած գիշեր Արցախի վրա ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած հարձակման հետևանքով զոհված Սամվել Թորոսյանը Ստեփանակերտից էր։ Նա ժամկետային զինծառայող էր, 19 տարեկան։
Թշնամու իրականացրած ռազմական սադրանքի հետևանքով նահատակված 19-ամյա զինծառայողը սովորել է Ստեփանակերտի թիվ 7 դպրոցում։ Սամվելի կորցնելու փաստի հետ չեն համակերպվում դասընկերները։
«Մինչև հիմա չեմ հավատում, որ Սամվելը չկա էլ․․․Իր մասին անցյալով չեմ կարող խոսել։ Սամոն միշտ կա, մեր ընտանիքում ա․․․ Մեր դասարանն, իրոք, մի ընտանիք էր՝ մեծ ու սիրուն ընտանիք։ Սամվելը մեր այդ ընտանիքի ամենահամեստ, խելացի, ինքնամփոփ տղան էր․․․ Ինքը չափից դուրս ընկերասեր էր, նվիրվող, միշտ բոլորին հասնող․․․Սամվելն էնքան շատ էր սիրում կյանքը, ինքը կարողանում էր գնահատել, ապրել կյանքի ամեն մի ակնթարթը»,-«Փաստինֆո» -ին արցունքախառը ձայնով պատմում է Անին։
Սամվելը մանկավարժի ընտանիքից էր․ տատիկը հայոց լեզու էր դասավանդում նույն դպրոցում։ Նա տան միակ արու զավակն էր․ ունի մեկ քույր․․․
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն առավոտ վաղ հաղորդեց, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 4 զոհ: Քիչ անց հրապարակվեցին նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված տղաների անունները՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան,Գագիկ Բալայան։