Meta ընկերությունն այսօր գործարկել է իր նոր սոցցանցը՝ Threads-ը, որը, ըստ էության, Twitter-ի իր անալոգն է։ Ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգն ասել է, որ գործարկման առաջին իսկ ժամերին սոցցանցում ավելի քան 5 մլն մարդ է գրանցվել։
«Կարծում եմ, որ շուկայում պետք է լինի հանրային քննարկումների հավելված 1 միլիարդից ավելի մարդկանց մասնակցությամբ։ Twitter-ն ուներ դա անելու հնարավորությունը, բայց այն չիրականացրեց դա: Հուսով եմ, որ մենք հաջողության կհասնենք»,- Threads-ում գրել է Ցուկերբերգը:
Threads-ում Billboard-ի, HBO-ի, NPR-ի և Netflix-ի նման ապրանքանիշերի օգտահաշիվները ստեղծվել են գործարկումից հետո րոպեներ անց: Ցուկերբերգը հաստատել է, որ Շակիրան և Գորդոն Ռեմզին առաջին հայտնիներից են, որոնք գրանցվել են այս սոցցանցում։
Նոր սոցցանց օգտատերերը կարող են մուտք գործել Instagram-ի օգտահաշվով: Գրանցվելուց հետո նրանք կարող են հետևել նույն օգտահաշիվներին, որոնց հետևում են Instagram-ում, եթե նրանք նույնպես միացել են նոր սոցցանցին:
Նոր հավելվածը շատ նման է Twitter-ին, թեև որոշ ձևակերպումներ փոխվել են, օրինակ՝ retweet-ը կոչվում է «repost», իսկ թվիթը՝ «thread»:
Threads-ում գրառումները կարող են ունենալ մինչև 500 նիշ երկարություն։ Համեմատության համար նշենք, որ Twitter-ի օգտատերերի մեծ մասի համար դա 280 սիմվոլ է: Այստեղ օգտատերերը կարող են տեղադրել մինչև հինգ րոպե տևողությամբ տեսանյութեր: Օգտատերերը կարող են չեղարկել բաժանորդագրությունը, արգելափակել, սահմանափակել հաղորդագրությունները, ֆիլտրել պատասխանները կոնկրետ բառերով:
Նոր սոցցանցը հասանելի է ավելի քան 100 երկրում։