Ադրբեջանական շրջափակման մեջ հայտնված Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում հումանիտար ճգնաժամի հետեւանքով բազմազավակ երեխաների հայր է մահացել, 45 տարեկան։
Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ տղամարդու մահվան պատճառը ինֆարկտն է եղել։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված ինֆարկտի դեպքերը մի քանի անգամ շատացել են.
«Հաթերքում ինֆարկտի միակ դեպքը չէ, ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ դեպքեր են արձանագրվել։ Մանկահասակ երեխաների վիճակն է վատ։ Ծնողներ կան, որ անտարբեր են, հետամուտ չեն։ Երեխաների մոտ առողջական խնդիրներ է առաջանում, իրավիճակով պայմանավորված ծնողները ոչինչ չեն կարողանում անել, դե երեւի գիտեն, որ հետաքրքրվելու դեպքում էլ լուծում չունեն»,-ասաց նա։
Արցախի շուրջ 120 հազար բնակչությունը արդեն 7 ամսից ավելի է ադրբեջանական շրջափակման մեջ է, ավելի քան 35 օր՝ ամբողջական պաշարման մեջ՝ սովի ու հիվանդությունների սպառնալիքի առջեւ։ Հաթերքի գյուղապետի խոսքով՝ ժողովրդի վիճակն ահավոր է, դեղորայքի, վառելիքի, ուտելիքի հարցը չի լուծվում։ Դեղորայքի բացակայության պատճառով հիվանդները ծայրահեղ վիճակում են։ Մոտ մեկ շաբաթ առաջ մի կերպ կարողացել են ծննդկանի կյանքը փրկել, ցավոք՝ երեխան մահացել է։
«Մայրը չէր կարողանում գնալ հիվանդանոց հերթական ստուգումների, այս անելանելի իրավիճակում չի կարողացել։ Ծննդաբերության ժամանակ մորը մի կերպ են կարողացել փրկել։ Ստեղծված աղետալի վիճակի միակ լուծումը՝ ճանապարհի անհապաղ բացումն է, իսկ դրա համար պիտի ողջ հայ ազգը ջանք ներդնի, բայց տեսնում ենք, որ ազգի մեծ մասը անտարբեր է»,-ասաց նա։
Հայաստանի իշխանությունների՝ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ճանաչելու հայտարարությունները, ըստ Գրիգորյանի, Ալիեւի բերանը լեզու են դրել՝ ինչ ուզում անում է։ Հաթերքի գյուղապետի խոսքով՝ Հայաստանում պետք է հեղաշրջում լինի։
«Փաշինյանին պետք է հեռացնեն, ախր ոնց կարող է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ոնց կարող է հրաժարվել Արցախից, սա հայկական հող է, ինքը լավ իմանալով՝ ոնց եւ ինչու է հրաժարվում։ Ալիեւի բերանը լեզու է դնում, նա էլ ինչ ուզում՝ անում է։ Նույնն էլ Արցախի իշխանություններն են անում։ Մենք նրանց են մեղադրում, բայց ներկա պահին միակ բանը, որ կարող են անել՝ կռիվ հայտարարելն է։ Չգիտեմ, թե էլ ինչ կարող են առաջարկել»,-նշեց նա։