Վերջին երեք օրերը սիրահարների համար վերածվել են «եռատոնի»: Զույգերը շարունակում են սիրո խոստովանություններ հնչեցնել միմյանց, հաճելի պահեր ու անակնկալներ նվերել ու դրանով անմոռանալի դարձնել սիրո «եռատոնը»:
Այսօր՝ Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ, Life.panorama.am-ը փորձել է անակնկալ կազմակերպել սիրված դերասան Անդրանիկ Հարությունյանի և նրա կնոջ՝ Մերի Հովհաննիսյանի համար, ու իրենց սիրո ևս մեկ խոստովանության համար հարթակ տրամադրել: Զույգն արդեն հինգ տարի է, ինչ ամուսնացած է, նրանց սերն օր օրի է ավելանում ու դա փաստում է նրանց ջերմությունը միմյանց նկատմամբ, իսկ Անդոյի ու Մերիի սիրո պտուղն արդեն չորս տարի է, ինչ ավելի է գեղեցկացրել նրանց սիրո պատմությունը:
Դերասանն ու կինը Life.panorama.am-ի կազմակերպած անակնկալ սիրո խոստովանությունների շարքում միմյանցից գաղտնի պատմել են իրենց սիրո մասին: Ի դեպ՝ Անդոյի հումորի զգացումն անգամ սիրո խոստովանության ժամանակ նրան չի լքում:
Անդրանիկ Հարությունյան
«Սիրելիս, ես ընտրել եմ քեզ, դու ընտրել ես ինձ: Ոչ մի ընտրակեղծիք չի եղել մեր ընտրության մեջ: Մենք կազմել ենք մի դաշինք, որը բաղկացած է սիրո և երջանկության չծերացող երկու կուսակցությունից: Մենք, ինչպես մեր իշխանությունը, չունենք ընդիմություն՝ ի դեմս զոքանչիս և սկեսուրիդ: Մենք անկեղծորեն ամեն ինչ անում ենք, որ մեր սիրելի ու միակ ժողովուրդը, այսինքն՝ Էլենչոն, ուրախ և երջանիկ ապրի: Ես սիրում եմ քեզ»:
Մերի Հովհաննիսյան
«Իմ «հալալ», շնորհավորում եմ այս գեղեցիկ ու սիրով լի օրվա կապակցությամբ: Հոգատար հայր, բարի մարդ ու լավ ամուսին, ուզում եմ առողջ լինես: Մենք քեզ սիրում ենք»: