Այսօր վաղ առավոտից համացանցում տարածված ահասարսուռ տեսանյութում երևացող ընտանիքում 5 երեխա է ապրում` 3 աղջիկ և 2 տղա։ Այն աղջիկը, որին ծեծում և նվաստացնում են, ընտանիքի ավագ դուստրն է։ Ընտանիքը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հաշվառում ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում միջնեկ աղջիկներից մեկի ուսուցչուհին մի շարք սարսափելի մանրամասներ պատմեց։ Պարզվում է` ընտանիքում սա առաջին բռնության դեպքը չէ։
Ի՞նչ է հայտնի մոր մասին
Դստերը հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կինը 34-ամյա Աննա Արևշատյանն է։ Ըստ «Դատալեքսի»` նա 2017 թ. դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2017թ․ հունիսի 9-ին սուտ մատնություն կատարելու համար։
Կինը իրավապահներին հայտնել էր, որ 2009թ․-ից մինչև 2017թ․ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Հովիկ Խեչյանը, առանց աշխատավարձ վճարելու, իրեն և ամուսնուն՝ Թաթուլ Մադաթյանին, ներգրավել է հարկադիր աշխատանքների կատարման մեջ։ Մասնավորապես, Աննան ասել էր, թե Խեչյանը նաև վատ աշխատանք կատարելու, ուշ արթնանալու համար պարբերաբար ծեծի է ենթարկել իրենց, ինչպես նաև արգելել է հեռանալ անասնաֆերմայի տարածքից։
Դատարանն Աննա Արևշատյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև հանգամանքը, որ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչում, զղջում է կատարածի համար, և խնամքի տակ ունի մինչև տասնչորս տարեկան չորս երեխա (2017թ. դրությամբ):
Ի՞նչ է հայտնի հոր մասին
Աննա Արևշատյանի ամուսինը 34-ամյա Թաթուլ Մադաթյանն է։ Նա մոտ տարի ու կես առաջ դատապարտվել է` աղջիկներից երկուսի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։ «Դատալեքսում» 2022 թվականի հունվարով թվագրվող քրեական գործի ինֆորմացիան փակ է։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` տղամարդն Աննա Արևշատյանի երկրորդ ամուսինն է, Իջևանից է։ Այս պահին հայտնի չէ` արդյոք նա աղջիկների հայրն է, թե ոչ։ Կայքի հետ զրույցում հայտնեցին, որ ընտանիքը շատ պարտքեր է ունեցել, պարբերաբար փոխել է բնակության վայրը։
Ինչպե՞ս բացահայտվեց ընտանիքում երեխաների նկատմամբ սեռական բռնության գործադրումը
Ուսուցչուհու խոսքով` այն, որ ընտանիքում բռնություն կա, պատահականորեն է բացահայտվել, նախկինում երբևէ կասկածներ չեն ունեցել։
«Աղջիկներից մեկն այն ժամանակ դեռ երրորդ դասարանում էր սովորում, վատ է զգացել, ուժեղ ցավեր է ունեցել, բժշկի են տարել, պարզվել է` երեխան սեռական բռնության է ենթարկվել»,– պատմում է ուսուցչուհին։
Նրա խոսքով` երբ այդ մասին հայտնի դարձավ, մայրը պնդում էր, թե բռնություն չի եղել, երեխան քարի վրա է ընկել։
Հետաքննություն է սկսվել, պարզվել է, որ աղջկան սեռական բռնության է ենթարկել ընտանիքի հայրը։ Դրանից հետո առավել սարսափելի մանրամասներ են հայտնի դարձել, որ սեռական բռնության է ենթարկվել նաև ավագ դուստրը, որը 6-րդ դասարանում էր սովորում։ Խոսքը հենց այն աղջկա մասին է, որին նաև աղմկահարույց տեսանյութում են բռնության ենթարկում։
«Երբ երեխայի բռնաբարության մասին հայտնի դարձավ, դրանից հետո ուսուցիչները սկսեցին քննարկել, իրենք իրենց մեջ վերլուծել, թե ինչու էր աղջիկը կտրուկ փոխվել, սկզբում ինքը բավականին լավ էր սովորում, հետո միանգամից պարփակվել է ինքն իր մեջ, դադարել շփվել և այլն»,– պատմում է ուսուցչուհին։
Շեշտում է` այդ պահի դրությամբ իր դասարանում սովորող աղջիկը սեռական բռնության ենթարկված չի եղել։ Բայց ստեղծված իրավիճակը նաև նրա վրա է ազդել։
«Ինքն էլ հանգիստ երեխա էր, աշխատում էր ոչ ոքի հետ չշփվել, դասամիջոցներին միշտ հեռախոսը ձեռքին էր, իր դասերն էլ որ վերջանում էին, սպասում էր 3-րդ դասարանցի քրոջը, որ միասին տուն գնային»,– ասում է ուսուցչուհին։
Ի դեպ, նրա խոսքով, սարսափելի տեսանյութում մոր հետ միասին ավագ քրոջը տանջող աղջիկը հենց նա է։
Երեխաների հետ սկսել են հոգեբանները աշխատել, սոցիալական աշխատողները նաև դպրոց էին հաճախ գնում, դասապատրաստմանը նաև օգնում։
Ուսուցչուհու խոսքով` երեխաների համար բավականին ծանր հոգեբանական վիճակ էր ստեղծված, բոլորին հայտնի էր այն, ինչ կատարվել է ընտանիքում։ Ցավով է նշում, որ աղջիկների հետ դասընկերները չէին շփվում։
Մայրն ամբողջ ընթացքում դպրոց գրեթե չի եկել, ծնողական ժողովների չի մասնակցել, երեխաներով չի հետաքրքրվել։
«Մի անգամ էքսկուրսիա էինք գնացել, ծնողները խոսում էին, որ ինքը լրիվ ամուսնուն է պաշտպանում, ասել է, թե բոլոր պապաներն էլ իրենց երեխաների հետ տենց են անում»,–Sputnik Արմենիային ներկայացնում է ուսուցչուհին։
Մի օր էլ Աննա Արևշատյանը զանգահարել ու ասել է` երեխաների գործերը պատրաստեք, իրենց Երևան եմ տանում։ Դա հունիսին էր, դրանից հետո մինչև այսօր առավոտյան ընտանիքի մասին ոչինչ չէին լսել։
Որտե՞ղ են եղել երեխաները և որտե՞ղ են հայտնաբերել Աննա Արևշատյանին
Ընտանիքի երեխաներից մեկը Հայ օգնության ֆոնդում (ՀՕՖ) է ապրել որոշ ժամանակ, սակայն հունվար ամսին Արևշատյանը նրան հետ է վերցրել։ Տեղեկություններ կան նաև, որ երեխային տեսանյութում նման կերպով նվաստացրել են դատարանում ցուցմունք տալու համար։
Վերջին տեղեկություններով` նրանք տուն էին վարձակալում «Նորք–Մարաշ» ԲԿ–ի (Սրտաբանական հիվանդանոց) մոտակայքում, Արևշատյանին իրավապահները հենց այնտեղ են հայտնաբերել։
Ի՞նչ պատիժ կարող է կիրառվել Աննա Արևշատյանի նկատմամբ
Փաստաբաններից մեկը տեսանյութն ուսումնասիրելով նշել է, որ այնտեղ բացահայտ մի քանի հանցագործություն է կատարվել։ Դրանցից մեկը` ֆիզիկական ուժեղ ցավ կամ ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել անչափահասի նկատմամբ առանձին դաժանությամբ, մյուսը` սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը, ինչպես նաև մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով, և անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը։
Փաստաբանը չի բացառել, որ լինեն նաև այլ հանցագործություններ, ինչը կպատժվի քննության ժամանակ։
Հանցանքների համակցությամբ կնոջ նկատմամբ վերջնական պատիժ կարող է նշանակվել ազատազրկում 14-25 տարի ժամկետով: