Մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքից էր, 19 տարեկան։ Բանակ էր զորակոչվել ձմռանը։
«Գյուղի հասարակ, խելոք ընտանիք է։ Տան միակ որդին էր, երկու մեծ քույրեր ուներ, ամուսնացած են։ Հայրը մի ժամանակ մարզպետարանում էր աշխատում, հիմա՝ չգիտեմ, մայրն էլ չի աշխատում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է Նորատուսի նախկին համայնքապետ Մուրադ Հարությունյանը։
Արտյոմը նախքան զորակոչվելը ընդունվել էր Գավառի պետական համալսարան։
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ զոհվել են զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը։
ՔԿ-ից էլ տեղեկացնում են, որ 2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։