Արդեն բավականին երկար ժամանակ Վահան Զատիկյանի անունը կրող այգին բառացիորեն բնակեցված է անօթևաններով և երկու սեռի հարբեցողներով:
Անսովոր հարցով NEWS.am-ի խմբագրություն է դիմել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի բնակչուհի։ Ըստ նրա, սակավաթիվ այգիներից մեկը «սիրված վայր» է դարձել անօթևանների և հարբեցողների համար, ինչը լուրջ անհանգստություն է ստեղծում այգում զբոսնող կանանց և երեխաների համար։ Որպես ապացույց՝ կինը տեսանյութեր և լուսանկարներ է ուղարկել։
«Արդեն բավականին երկար ժամանակ Վահան Զատիկյանի (այժմ՝ թաղի հանգուցյալ թաղապետի – խմբ.) անունը կրող այգին բառացիորեն բնակեցված է անօթևաններով և երկու սեռի հարբեցողներով։ Այստեղ ալկոհոլային խմիչքներ են խմում, գիշերում են, միզում են թփերի մեջ, պառկում են գետնին, քնում նստարաններին։ Երբեմն նույնիսկ «լոգանք են ընդունում» շատրվանում, չնայած որ այդտեղ լողալը խստիվ արգելված է, կա համապատասխան մակագրություն»,- ասել է զրուցակիցը։
«Երեխաներով մայրերը գալիս են այգի, և ի՞նչ օրինակ է սա երեխաների համար: Բացի նրանից, որ տեսարանն ինքնին տհաճ է: Շատ հաճախ այդ մարդիկ իրենց թույլ են տալիս վիրավորական, անպարկեշտ հայհոյանքներ հատկապես կանանց կողքով անցնելիս»,- դժգոհել է թաղամասի բնակչուհին։
Ըստ նրա, այգին բավականին խնամված է, բայց նման «հարևանության» պատճառով փորձում են երեխաներին այստեղ չբերել։ «Ձևականորեն պարեկները հետևում են այգու կարգուկանոնին։ Բայց ընդամենը մեկ պարեկախումբ՝ երկու զբոսայգու համար: Մարդկայնորեն այդ ընկեցիկ մարդկանց խղճում եմ և կոչ չեմ անում պատժել կամ հեռացնել, բայց նրանց հետ պետք է անպայման աշխատել, ինչպես արվում էր խորհրդային տարիներին։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը ողջ ԽՍՀՄ-ում հայտնի էր սթափարանների բացակայությամբ։ Որ Հայաստանում հարբածները թավալ տային գետնի”ն։ Նման բան պատկերացնելն անգամ անհնար էր»,- եզրափակել է կինը։