Google Chrome և Mozilla Firefox բրաուզերներում «զրոյական օրվա» խոցելիություն է (CVE-2023-5217) հայտնաբերվել, որը հաքերներին թույլ է տալիս թիրախավորել Windows, macOS և Linux օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչներ։
Հաքերներն արդեն ակտիվորեն օգտագործում են հայտնաբերված խոցելիությունը։ Google-ը և Mozilla-ն խորհուրդ են տալիս շտապ թարմացնել բրաուզերները՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար:
Խոցելիությունը հայտնաբերվել է հանրահայտ WebM մուլտիմեդիա կոդավորման համակարգում, որը հարձակման հնարավորություն է ստեղծում մի շարք ծրագրերում, որոնք կապված են NVIDIA-ի, AMD-ի և Logitech-ի սարքային ապահովման հետ, ներառյալ բրաուզերները, Skype-ը և VLC-ն:
VP8 WebM ձևաչափն օգտագործվում է շատ ծրագրերում, ուստի, ըստ Mozilla-ի, դա կարող է լուրջ խնդիր դառնալ ապագայում: Հայտնաբերված խոցելիությունը, դատելով PCWorld-ի վերլուծությունից, ակտիվանում է միայն մեդիա ֆայլերը կոդավորման, այլ ոչ թե ապակոդավորման ժամանակ։