Motorola-ն այս շաբաթ տեղի ունեցած Lenovo Tech World միջոցառման ժամանակ, ի թիվս այլ հետաքրքիր նորույթների, ցուցադրել է 180 աստիճան ճկվող էկրանով սմարթֆոնի նախատիպ, որն անհրաժեշտության դեպքում կարող է վերածվել խելացի ժամացույցի։
Lenovo-ն նոր սարքը ներկայացրել է որպես սմարթֆոնի կոնցեպտ՝ «հարմարվող էկրանով», որը կարող է տարբեր ձևեր ստանալ՝ կախված օգտատիրոջ կարիքներից։ Ճկվելու ունակության շնորհիվ այն կարելի է նաև դաստակին կրել, ինչպես խելացի ժամացույցը։
«Ադապտիվ էկրանի կոնցեպտը կարող է օգտագործվել որպես ստանդարտ Android սմարթֆոն՝ չծալված դիրքով, կարելի է կրել դաստակի վրա կամ տեղադրել ուղղահայաց դիրքով բազմաթիվ ռեժիմներում»,- ասվում է Lenovo-ի տարածած հայտարարությունում։
Սմարթֆոնն ունի ճկուն OLED էկրան՝ Full HD+ լուծաչափով։ Բացված վիճակում սարքը սովորական Android սմարթֆոն է՝ 6,9 դյույմանոց էկրանով: Սակայն երբ այն ծալվում է և ժամացույցի տեսք ստանում, սարքն միանգամից անցնում է աշխատանքային այլ ռեժիմի և տվյալները ցուցադրում էկրանի 4,6 դյույմանոց հատվածում:
Lenovo-ն նախկինում ևս աշխատել է ճկուն էկրանով սմարթֆոնների նախատիպերի վրա, որոնք կարելի է կրել ձեռքին։ Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք ընկերությունը կորոշի ներկայացված նորույթի զանգվածային արտադրություն սկսել։