Նոր Honor սմարթֆոնների օգտատերերը կկարողանան աչքերով կառավարել սարքի որոշ գործառույթներ։ Այս մասին հայտնում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ խոսքը Honor Magic 6-ի մոդելի մասին է, որի թողարկման ամսաթիվը չի բացահայտվել։
Ընկերության թոփ մենեջեր Ջորջ Չժաոն ուշագրավ նորարարության մասին ասել է Qualcomm Snapdragon 2023 միջոցառման ժամանակ՝ մանրամասնելով, թե ինչպես է Honor Corporation-ն օգտագործել արհեստական բանականության հնարավորություններն իր սարքերում։
Մասնավորապես, Չժաոն ցույց է տվել տեսասահիկներ (սլայդներ)` ներկայացնելով, թե ինչպես է հնարավոր հեռախոսը կառավարել հայացքով։ Ըստ տեսասահիկների՝ այն հատվածում, որտեղ տեղադրված է Magic 6 սմարթֆոնի դիմային տեսախցիկը, կլինի բացվածք, որը կհիշեցնի iPhone-ի էկրանի վրա Dynamic Island կտրվածք։
Եթե օգտատերը նայի այդ հատվածին, ապա այն կմեծանա՝ օգտատիրոջը ցույց տալով կոնտեքստային տեղեկատվություն: Ջորջ Չժաոն Magic Capsule տեխնոլոգիան ցուցադրել է՝ օգտագործելով Uber ծառայության հավելվածի օրինակը. էկրանի կտրվածքին նայելիս այն մեծացել է և դրա վրա ցույց է տրվել, թե որքան ժամանակից է տաքսին ժամանելու:
Միևնույն ժամանակ աղբյուրը նկատում է, որ ներկայացված դեմո տեսահոլովակը դժվար թե իրական պատկերացում տա տեխնոլոգիայի աշխատանքի վերաբերյալ: