Google-ը հայտարարել է, որ հետաձգում է արհեստական բանականության իր նորագույն համակարգի՝ Gemini-ի գործարկումը մինչև 2024-ի հունվար: Gemini-ի գործարկումը, որը պետք է լինի GPT-4 նեյրոցանցի մրցակիցը, ի սկզբանե նախատեսված էր հաջորդ շաբաթ: Այս որոշումը պայմանավորված է նեյրոցանցը կատարելագործելու անհրաժեշտությամբ, որպեսզի այն կարողանա ավելի լավ աշխատել ոչ անգլերեն հարցումների հետ։
Google-ը Gemini-ի մասին հայտարարել էր I/O 2023 ամենամյա համաժողովի ժամանակ, որին մասնակցում էր Google-ի և Alphabet-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը։ Ինչպես նշում է The Information-ը, ընկերությունը նախատեսում էր Gemini-ն ներկայացնել արդեն հաջորդ շաբաթ Կալիֆոռնիայում, Նյու Յորքում և Վաշինգտոնում նախատեսված միջոցառումների ժամանակ: Սակայն այժմ նեյրոնային ցանցի գործարկումը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա հունվար։
Նորարարական այս համակարգի գործարկումը հետաձգելու որոշումը կայացրել է Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը։ Պատճառն այն է, որ Gemini-ն բավականաչափ հուսալի չի աշխատում անգլերենից բացի այլ լեզուներով հարցումներով, իսկ բազմալեզու աջակցությունն առաջնահերթություն է Google-ի համար, քանի որ այն ձգտում է հասնել և նույնիսկ գերազանցել OpenAI ընկերության GPT-4 մոդելին:
Նոյեմբերին Պիչայը հայտարարել էր, որ Google-ը կենտրոնացած է Gemini 1.0-ն հնարավորինս արագ թողարկելու վրա՝ նպատակ ունենալով ստեղծել մրցունակ և առաջադեմ արտադրանք: Այնուամենայնիվ, ընկերությունը ներկայումս դեռ աշխատում է Gemini-ի վերջնական տարբերակի վրա։
Ավելի վաղ I/O 2023 համաժողովի ժամանակ Google-ը հայտարարել էր, որ Gemini-ն կունենա մուլտիմոդալ տպավորիչ հնարավորություններ, որոնք գերազանցում են արհեստական բանականության նախորդ մոդելների հնարավորությունները։ Բացի տեքստը և պատկերները հասկանալուց, այն կկենտրոնանա API-ների և այլ գործիքների հետ արդյունավետ ինտեգրման վրա, ինչը Gemini-ն գրավիչ կդարձնի տարբեր հավելվածների մշակողների համար։
Google-ը նաև հայտարարել էր, որ Gemini-ի մի քանի տարբերակներ է մշակում, ներառյալ Gecko-ի բջջային տարբերակը, և ընդգծել, որ Gemini-ն ստեղծվել է ապագա նորարարություններին աջակցելու համար, ներառյալ հիշողությանը և պլանավորման գործառույթները։