Հոնկոնգյան AI Guided ստարտափը ներկայացրել է տեսողության խնդիրներ ունեցողների համար նախատեսված խելացի գոտի, որը կոչվում է GUIDi: Այն թույլ է տալիս մարդկանց անվտանգ տեղաշարժվել և խուսափել իրենց ճանապարհին հանդիպող խոչընդոտներից, հայտնում է Ferra կայքը։
GUIDi խելացի գոտին բաղկացած է երկու մասից՝ առջևի և հետևի։ Առջևում տեղադրված են երկու տեսախցիկներ՝ յուրաքանչյուրը 8 մեգապիքսել կետայնությամբ, որոնք սկանավորում են շրջակա միջավայրը մինչև 5 մետր շառավղով։ Հետևի մասում կա միկրոպրոցեսոր և էլեկտրոնիկայի միավոր, ինչպես նաև թրթռումային շարժիչ, որը զգուշացնում է օգտագործողին, երբ խոչընդոտներ են հայտնաբերվում:
Գոտին աշխատում է հատուկ ծրագրային ապահովման միջոցով, որն արհեստական բանականության միջոցով վերլուծում է տեսախցիկների տեսագրությունն իրական ժամանակում: Այն ի վիճակի է ճանաչել ստատիկ օբյեկտները և դրանց առկայության մասին օգտատիրոջն զգուշացնում է հանգիստ թրթռումներով:
Բացի դրանից, օգտատերը կարող է բջջային հավելվածի միջոցով նշել նպատակակետը և օգտագործել GPS՝ տվյալ երթուղու երկայնքով տեղաշարժվելու համար: Մեկ լիցքավորմամբ GUIDi-ն կարող է աշխատել 10 ժամ:
GUIDi-ն վաճառքում կհայտնվի 2024-ի սկզբին՝ 10,100 հոնկոնգյան դոլարով (մոտ 1292 դոլար)։