Դեկտեմբերի 15-ին կյանքից հեռացել է երգիչ Արա Մարտիրոսյանը: Երգչի մոտ սրտի կանգ է գրանցվել:
Երգչուհի Իվետա Մուկուչյանը հրապարակել է արխիվային տեսանյութ Արա Մարտիրոսյանի հետ, որտեղ նրանք կենդանի կատարում են «Полу я»:
Տեսանյութին կից երգչուհին գրել է. «Դժվար է լինել այդքան զգացմունքային, ամեն բան այդքան խորը վերապրել, երբ հատկապես արտիստ ես: Արան ինձ ստիպում էր մտածել, աղոթել ու այդ թվում՝ տարիներ շարունակ անհանգստանալ իր համար: Պետք է անկեղծանամ, ցավոք, գիտակցում էի, այս օրը գալու է, քանի որ գիտեի՝ ինչքան խորն էր նրա ներաշխարհը: Ապրումներն ու զգացմունքներն այնքան մեծ են, որ երբեմն միայն մեկ կյանքը բավարար չէ ամբողջ աշխարհը քո ներսում տանելու համար, բայց ես չէի պատկերացնում, թե այսչափ կոտրված կլինեմ: Ես շնորհակալ եմ, որ այս կեղծ աշխարհում նա իմ իսկական ընկերն էր, մեկը, ում կարող էի լիովին վստահել, բեմ կիսել, ունենալ պահեր, որոնք ոչ ոք չի կարող խլել ինձանից»:
Երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ ժամը 18.00-ից 20.00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Այս մասին հայտնում է երգչի մենեջեր Լիլիթ Գալստյանը։
Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:30-ից 13:30-ն Արամ Խաչատրյան համերգասրահից։