Քչերը կցանկանային նոր տարին սկսել չաշխատող կամ շարունակ դանդաղ աշխատող սարքավորումներով։ NEWS.am Tech-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի խորհուրդ, թե ինչ կարելի է անել սմարթֆոնների, նոութբուքների և այլ սարքերի հետ՝ 2024-ին դրանց ավելի կայուն աշխատանքն ապահովելու համար։
Կարգի՛ բերեք ձեր թվային տարածքը
Սկսե՛ք ձեր թվային աշխարհը կարգի բերելով: Հեռացրե՛ք բոլոր ավելորդ ֆայլերը և չօգտագործվող հավելվածները ձեր սմարթֆոնից, պլանշետից կամ նոութբուքից և մաքրե՛ք ձեր աշխատասեղանը: Սա կօգնի բարելավել սարքի աշխատանքը և կհեշտացնի անհրաժեշտ ֆայլերը որոնելն ու գտնելը:
Թարմացրե՛ք օպերացիոն համակարգը և հավելվածները
Համոզվե՛ք, որ ձեր սարքի օպերացիոն համակարգը և հաճախ օգտագործվող հավելվածները թարմացված են: Արտադրողները պարբերաբար թարմացումներ են թողարկում՝ կատարողականի բարելավումներով, սխալների շտկմամբ և նոր հնարավորություններով: Ծրագրային ապահովման կանոնավոր թարմացումները ոչ միայն բարելավում են սարքի աշխատանքը, այլև անվտանգությունը:
Օպտիմալացրե՛ք գործարկվող հավելվածները
Եթե ձեր նոութբուքը կամ համակարգիչը երկար ժամանակ է պահանջում գործարկելիս, ստուգե՛ք, թե որ ծրագրերն են ավտոմատ կերպով սկսվում գործարկման պահին և անջատեք ավելորդները: Windows-ում կարող եք օգտագործել Task Manager-ը, իսկ Mac-ում՝ System Preferences –> Users & Groups –> Login Items:
Ստուգե՛ք չարամիտ ծրագրերի և վիրուսների առկայությունը
Գործարկե՛ք ձեր սարքի հակավիրուսային սկանավորումը հնարավոր վիրուսներ և վնասակար ծրագրեր որոնելու համար: Վիրուսային ծրագրերը կարող են դանդաղեցնել ձեր համակարգը և վտանգի ենթարկել ձեր տվյալները:
Ազատե՛ք պահեստային տարածք
Չունե՞ք տվյալները պահելու բավարար պահեստային տարածք: Ջնջե՛ք հին ֆայլերը, տեղափոխե՛ք մեծ մեդիա ֆայլերն արտաքին սկավառակ և մաքրե՛ք ձեր դիտարկչի «քեշը»: Սա ոչ միայն կօգնի ազատել տարածք նոր ֆայլերի համար, այլև կբարելավի սարքի աշխատանքը:
NEWS.am Tech