Շերի որդին՝ Էլայջա Բլյու Ալմանը, բողոքարկել է մոր խնդրանքը՝ իր նկատմամբ խնամակալությունը ստանձնելու վերաբերյալ:
Համաձայն այս շաբաթ Լոս Անջելեսում ներկայացված եւ CNN-ի կողմից ձեռք բերված դատական փաստաթղթերի՝ 47-ամյա Ալմանը դեմ է «մորը որպես ժամանակավոր խնամակալ նշանակելուն հետեւյալ հիմքերով. ներկայումս ունեցվածքը տնօրինելի անհրաժեշտություն չկա, պատճառ չկա խնամակալ նշանակելու, խնամակալը չունի առաջնահերթության իրավունք եւ հարմար չէ պարտականությունների կատարման համար»։
Դեկտեմբերի վերջին Շերը հայց ներկայացրեց իր որդու ժամանակավոր խնամակալությունը ստանձնելու համար՝ վկայակոչելով նրա թմրամիջոցների չարաշահման պատմությունը: Ալմանը Շերի եւ նրա նախկին ամուսնու՝ հանգուցյալ ռոքեր Գրեգ Ալմանի որդին է։
Օլմանը հայտարարության մեջ նշել է, որ ավելի քան 90 օր սթափ է եղել։
Շերը ձգտում էր դառնալ իր որդու ունեցվածքի միակ խնամակալը՝ պնդելով, որ նա «ներկայումս չի կարողանում կառավարել իր ակտիվները հոգեկան առողջության լուրջ խնդիրների եւ թմրամիջոցների չարաշահման պատճառով»։
Սակայն Ալմանը հերքում է դա։ «Ինչպես շատ մարդիկ, ես պայքարում էի կախվածության դեմ եւ գումար ծախսում այնպիսի եղանակներով, որոնք միշտ չէ, որ ամենապատասխանատուն էին»,-ասվում է նրա պատասխանում,- «Սակայն ես այժմ գտնվում եմ բժիշկ Հովարդ Սամուելսի խնամքի տակ»։
Ալմանը նաեւ ասում է, որ մտադիր չէ բաժանվել իր կնոջից՝ Մարանջելա Քինգից:
«Հիմա, երբ գտել եմ սթափության ճանապարհը, ես մերժել եմ ամուսնությունը լուծարելու միջնորդությունը եւ հաշտվում եմ կնոջս հետ, որպեսզի կարողանանք աշխատել մեր հարաբերությունների վրա»,-նշել է նա դատարանում,-«Հաշվի առնելով, որ ես այլեւս ակտիվ ամուսնալուծության գործ չունեմ, կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում կինս կդառնա խնամակալ»:
LA Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ դատավորը մերժել է Շերի խնամակալության խնդրանքը: