Վերջերս Honor-ը ներկայացրել է Magic6 Pro սմարթֆոնը, որը ստացել է արտասովոր երկրորդ սերնդի սիլիցիում-ածխածնային մարտկոց։
Ինչպես հաղորդում է GSMArena-ն, մարտկոցի նոր տեսակում որպես բացասական էլեկտրոդ գրաֆիտի փոխարեն օգտագործվում է սիլիցիում։ Սիլիցիումը, ըստ մասնագետների, մի քանի հիմնական առավելություն ունի գրաֆիտի նկատմամբ. գլխավորը դրա խտությունն է. սիլիցիումից անոդն ապահովում է 10 անգամ ավելի մեծ հզորության խտություն, քան գրաֆիտիցը: Մյուս կողմից, այն շատ ավելի մեծ է չափերով և, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ կծառայի: Այս թերությունները փոխհատուցելու համար Honor-ն իր մարտկոցում օգտագործում է սիլիցիում-ածխածնային անոդ։
Մարտկոցը արտադրվում է լազերային ուղղորդվող միկրոթունելավորման տեխնոլոգիայի կիրառմամբ, որը կարևոր է համարվում սիլիցիումի վրա հիմնված անոդի համար: Սա մեծացնում է էլեկտրոլիտի և անոդի միջև շփման տարածքը՝ բացելով օգտագործելի հզորությունը ցածր լարման տիրույթում, ինչպես նաև օգնում է բարձրացնել մարտկոցի հզորությունը:
Բացի այդ, Honor-ն օգտագործում է հատուկ Power Enhanced Chip Honor E1 Magic6 Pro-ում՝ մարտկոցի աշխատանքը կառավարելու համար: Այս չիպը մշտապես կարգավորում է հոսանքը՝ հիմնվելով շրջակա միջավայրի և բեռնվածության մակարդակի վրա, ինչը արտադրողի խոսքերով մարտկոցն ավելի անվտանգ է դարձնում և թույլ է տալիս նրան ավելի լավ աշխատել ծայրահեղ եղանակային պայմաններում, հատկապես ցուրտ եղանակին:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Magic6 Pro-ն ունակ է ճիշտ և երկար աշխատել մինչև -20 աստիճան Ցելսիուսի ջերմաստիճանում։
Նշենք, որ Չինաստանում Honor Magic6 Pro-ն վաճառքի է հանվել 2024 թվականի հունվարի 18-ին։ Սարքի գինը սկսվում է 4399 յուանից (մոտ 620 դոլար)։