ԱրՔա – Արմենիան Քարդը իր հաճախորդներին տեղեկացրել է, որ 2024թ. ապրիլի 15-ից կդադարեցվեն arca.am հավելվածով գործառնությունները:
Իր հաճախորդներին Արմենիան Քարդ ընկերությունը հետևյալ հաղորդագրությունն է ուղարկել.
«Հարգելի օգտատերեր
Այս նամակով ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել Ձեզ՝ մեր հավելվածից օգտվելու համար։
Հավելվածը մուտք գործեց շուկա 2019 սկզբին՝ որպես մինչ այդ գործող «Վիրտուալ քարտերով» վճարումների համակարգի զարգացման հաջորդ փուլ, և այն ժամանակ շուկայի կողմից սպասված և պահանջված լուծում էր, որն ապահովում էր շուկայում նոր կիրառական փորձառություն և ծառայությունների մի շրջանակ, որն այդ պահին քիչ թվով մասնակիցներին էր հասանելի։
Ըստ էության, arca.am հավելվածը դարձավ նախատիպ և խթան՝ բանկերի կողմից սեփական հավելվածների մշակման և զարգացման համար, և դրանով իսկ մենք կարող ենք հաջողված համարել մեր առաքելությունը։
Այս պահին շուկայում առկա են բազմաթիվ լուծումներ, որոնք ըստ էության ծածկում են, որոշ առումներով նույնիսկ գերազանցում են ծառայությունների շրջանակը, որն առկա է մեր հավելվածում։
Արմենիան Քարդ ընկերությունը, հանդիսանալով ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր, ինչպես նաև միասնական պրոցեսինգային կենտրոն հայաստանյան բանկերի մեծ մասի համար, որոշում է կայացրել կենտրոնանալ իր ծառայությունների անմիջական շահառու հանդիսացող ֆինանսական կազմակերպություններին տեխնոլոգիական լուծումներ մատուցելու վրա։
Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 15-ից կդադարեցվեն arca.am հավելվածով գործառնությունները։
Մինչ այդ, անհրաժեշտության դեպքում, կարող եք պահպանել Ձեր վճարումների տվյալները, արտահանելով դրանք arca.am կաբինետի WEB տարբերակի համապատասխան բաժիններից, ինչպես նաև դուրս գրել պարբերական վճարների / փոխանցումների, շահառուների տվյալները՝ այլ հարթակներում դրանք հետագայում գրանցելու նպատակով։
Մենք ունենք ապագայի մեծ պլաններ, շուտով ներկայացնելու ենք նոր, ժամանակակից պրոդուկտներ մեր գործընկեր բանկերի համար՝ շարունակելով զարգացնել վճարումների և փոխանցումների ոլորտը Հայաստանում։ Մենք ձեր հետ կլինենք միշտ, երբ դուք քարտով, հեռախոսով, սմարտ ժամացույցով և այլ միջոցներով ֆիզիկական կամ վիրտուալ միջավայրում կկատարեք վճարում կամ փոխանցում։
Սիրով,
Ձեր վճարումների մշտական և անտեսանելի ուղեկից
ԱրՔա – Արմենիան Քարդ»: