Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից շատերը պարտաճանաչ հարկատուներ են, սակայն նրանց մի մասը չի համարում, որ հարկեր պետք է վճարի արտասահմանյան համերգներից։ Նիկոլ Փաշինյանի սուր հայտարարությունից հետո Sputnik Արմենիան կապ հաստատել շոու բիզնեսի ներկայացուցիչներից մի քանիսի հետ։
Նշենք, որ այսօր Փաշինյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք չեն պատրաստվում հարկեր վճարել, օրինակ՝ Լոս Անջելես գնալիս պետք է ՀՀ–ում աշխատած ու հարկ վճարածների հաշվին կառուցված, դեպի օդանավակայան տանող ճանապարհից չօգտվեն։
«Դե, ուրեմն կողքի մերձդաշտյան ճանապարհներով գնացեք. հնձեք այդ եղեգները ու այդպես գնացեք, հասեք օդանավակայան։ Այս ի՞նչ վերաբերմունք է ընդհանրապես։ Ասել, թե Ամերիկայում եմ տոմս վաճառել, ես ինչո՞ւ պետք է այստեղ վճարեմ, անընդունելի է»,– ասել էր նա։
Արտասահմանում հաճախ համերգներ ունեցող երգիչ Միհարն Ծառուկյանի կարծիքով բնական է, որ արտիստները պետք է հարկ վճարեն, դա օրենքի պահանջն է։
«Ես միշտ հարկեր վճարել եմ, դա նորություն չէ։ Ռուսաստանում էլ, Եվրոպայում էլ ինչքան համերգներ ունենում եմ, վճարում եմ։ Նախապես պայմանագիր է կնքվում, ու բոլոր վճարումները կատարվում են։ Ձևն է այդպես»,–ասաց նա։
Հարցին, թե իր եկամուտների քանի տոկոսն է հարկ վճարում, Ծառուկյանը նշեց, որ չի կարող ասել, հաշվապահական գործերից տեղյակ չէ։
Երգիչ Էրիկ Կարապետյանը, որին հաճախ կարելի է տեսնել տարբեր համերգային ծրագրերում, չցանկացավ մեկնաբանել, նշելով որ ինքը հարցազրույց չի տալիս։
«Արդեն 3 տարի է՝ ես հարցազրույց կամ մեկնաբանություն չեմ տալիս»,–ասաց երգիչը։
Շոումեն, երգիչ Գարիկ Պապոյանը հորդորեց հարկայինից ճշտել, թե ինքն ինչքան հարկ է վճարում կամ վճարում է արդյոք։
«Ես հենց նոր ձեզնից իմացա այդ հայտարարության մասին, պետք է լսեմ , հասկանամ, թե ինչ կոնտեքստում է դա եղել , քանի որ այժմ ուղղակի չգիտեմ ինչի մասին է խոսքը»,–ասաց նա։
Երգչուհի Սոֆի Մխեյանն իր հերթին նշեց, որ ինքը հարկեր վճարում է։
«Վերջին շրջանում դրսում համերգների չեմ գնացել։ Հայտարարությունն ուղղակի չեմ մեկնաբանի»,–ասաց երգչուհին։