2024 թվականի մարտի 30-ից կդադարեցվի «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի միջոցով։
Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ընկերության գործընկեր «Ամերիաբանկը» այդ օրվանից կդադարեցնի «Միր» համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը։
Հիշեցնենք՝ «Միր» քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը:
ՀՀ կենտրոնական բանկից էլ հայտնել են, որ Հայաստանում առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցեն՝ ելնելով ռիսկերի կառավարման ռազմավարությունից (ներառյալ պատժամիջոցների ռիսկերը):
2024 թվականի փետրվարին «Միր»-ը կամ ռուսական ազգային վճարային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել, Վաշինգտոնը պնդում է, որ այդ համակարգի միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։