ԱՄՆ Յելի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ինտենսիվ վարժությունները վերականգնում են դոֆամինի արտադրությունը եւ հաղթահարում նեյրոդեգեներացիան Պարկինսոնի հիվանդության դեպքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Parkinson’s Disease ամսագրում։
Նշվել է, որ Պարկինսոնի հիվանդությունը դանդաղ զարգացող քրոնիկական նեյրոդեգեներատիվ նյարդաբանական հիվանդություն է։ Այն բնորոշվում է շարժումների դանդաղկոտությամբ, տրեմորով (դող) եւ ռեֆլեքսների խանգարմամբ։ Հիվանդությունը զարգանում է նյարդային բջիջների քանակի նվազման պատճառով, որոնք արտադրում են հատուկ նյութ՝ դոֆամին։
Հետազոտության ընթացքում, որոնց մասնակցել են Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդիկ, գիտնականները պարզել են, որ բարձր ինտենսիվությամբ վարժությունները հարաբերակցվում են պակաս արհայատված շարժողական ախտանշանների հետ։ Փորձը տեւել է մոտ վեց ամիս։ Այդ ընթացքում կամավորները շաբաթը երեք անգամ կատարել են վարժություններ զարկերակի առավելագույն 80-85 տոկոս կազմող հաճախակիության պարագայում։
Փորձի ավարտին մասնակիցներն անցել են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա։ Հետազոտության այդ մեթոդը թույլ է տվել գիտնականներին պարզել նեյրոմելանինի քանակության փոփոխությունը։ Դա մուգ պիգմենտ է, որը հայտնաբերվում է նեյրոններում, որոնք դոֆամին են արտադրում։ Ուղեղի երկրորդ սքանավորումը եղել է պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիան, որի արդյունքները ցուցադրել են դոֆամինի փոխանցողի (DAT) հասանելիության բարձրացում։ DAT-ը սպիտակուց է, որն օգնում է նեյրոններին պահել դոֆամինի անհրաժեշտ մակարդակը։
Գիտնականները նշել են, որ նեյրոմելանինի քանակության եւ DAT ազդանշանների ավելացումը գլխուղեղի սեւ սուբստանցում վկայել է նեյրոդեգեներացիայի դադարեցման մասին։ Դա, իր հերթին, բարձրացրել է Պարկինսոնի հիվանդություն ունեցող մասնակիցների շարժողական հմտությունները։