ՀՀ արդարադատության նախարարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սահմանել է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող պետությունների ցանկ, որում ներառված է 50 պետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնական տվյալները կարող են փոխանցվել ցանկում (http://moj.am/storage/uploads/002_Cucak-final.pdf) ընդգրկված պետություն առանց Գործակալության թույլտվության:
Պետություններն այս ցանկում ներառվել են ըստ 3 հիմնական չափանիշների՝ պետությունը վավերացրել է «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան (108 կոնվենցիա) կամ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ բազմակողմ այլ համադրելի միջազգային պայմանագիր, ունի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենք, ունի անձնական տվյալների պաշտպանության պետական լիազոր մարմին:
Ցանկում բացակայող պետություններին անձնական տվյալներ փոխանցելու դեպքում տվյալներ մշակողը պարտավոր է թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմել Գործակալությանը: