Սմարթֆոնում հավելվածները պետք է ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից, որպեսզի հնարավորինս պաշտպանված լինեք լրտեսող ծրագրերից և վիրուսներից: Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է Zecurion վերլուծական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ուլյանովը։
Նրա խոսքով՝ հակառակ դեպքում, կստացվի, որ ինքներդ եք լրտեսող ծրագիրը տեղադրում ձեր հեռախոսում։
«Օրինակ՝ մարդը փնտրում է, թե որտեղի՞ց ներբեռնի այսինչ հավելվածը: Ինչ-որ օգտատեր հղում է տեղադրում, նա սեղմում է դրա վրա, և տեսնում, որ կա նմանատիպ անունով տեղադրման փաթեթ։ Բայց, բացի հիմնական ֆունկցիոնալությունից, դա կարող է պարունակել նաև լրտեսական բաղադրիչ։ Մենք չգիտենք, թե որ աղբյուրից է տեղադրվել ծրագիրը»,- նշել է Ուլյանովը։
Նա պարզաբանել է, որ պաշտոնական խանութից լրտեսող ծրագրեր ներբեռնելը շատ ավելի քիչ հավանական է։ Միևնույն ժամանակ, փորձագետը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել, թե ինչ թույլտվություններ է պահանջում ծրագիրը առաջին անգամ այն գործարկելուց հետո:
Բացի դրանից՝ հնարավոր է, որ մարդիկ չիմանալով լրտեսող ծրագրեր ներբեռնեն իրենց հեռախոսներում այն պատճառով, որ օրինակ՝ Ռուսաստանի տարածքից շատ հավելվածներ, ներառյալ բանկային ապրանքները, անհասանելի են օգտատերերի համար: Այդ պատճառով խարդախները կարող են ստեղծել կրկնօրինակ ծրագրեր: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մասնագետը խորհուրդ է բանկային հավելվածները հեռախոսում տեղադրել հենց բանկում՝ աշխատակիցների օգնությամբ։