![](https://blog.168.am/wp-content/uploads/2025/02/Alaverdi.jpg)
Անցած գիշեր Ալավերդի քաղաքում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել:
Փաստաբան Հակոբ Ճարոյանը «Հրապարակ»-ին պատմել է, որ ոստիկանական մի քանի ավտոմեքենաներով շրջափակել եւ կանգնեցրել են քաղաքացի Զորայր Շահվերդյանի ավտոմեքենան եւ հայտնել, որ պետք է խուզարկություն իրականացնեն, խուզարկելուց հետո անցել են քաղաքացուն խուզարկելուն, հորդորել շալվարն իջեցնել, իբր թմրանյութ են փնտրում:
«Սակայն դիմադրության հանդիպելուց հետո տարել են ոստիկանության բաժին եւ հենց շենքի դիմաց ծեծի ենթարկել, ջարդարարներին միացել է նաեւ ոստիկանապետը, կիրառվել է արցունքաբեր գազ, ապա ձերբակալել են Շահվերդյանին եւ եւս երկու անձանց:
Շահվերդյանը, ըստ Ճարոյանի, նույն մարդն է, ում Ալավերդու ընտրությունների ժամանակ կրակել էր ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի մտերիմը, թիկնապահը, սակայն գործը կարճել են:
ՆԳՆ-ից հաստատեցին, որ երեկ գիշերը երեք անձ է ձերբակալվել՝ «խուլիգանություն կատարելու կասկածանքով», ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու մասին ՆԳՆ-ից հայտնեցին՝ «չի եղել նման բան, անձնական բնույթի սպառնալիքներ, սեռական հայհոյանքներ են հնչեցրել բերման ենթարկվածները, խաթարել բաժնի բնականոն աշխատանքները, հրմշտել ոստիկաններին, քաշքշել, ինչի առիթով կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ»»,- գրել է լրատվամիջոցը։