Ընդհանուր հաշիվ են ունեցել, խաղադրույթներ են կատարել. ինչ է ասել Վարդան Օսկանյանի որդին իրավապահներին. մանրամասներ. armlur.am
Advertisement 1000 x 90

Ընդհանուր հաշիվ են ունեցել, խաղադրույթներ են կատարել. ինչ է ասել Վարդան Օսկանյանի որդին իրավապահներին. մանրամասներ. armlur.am

Նախընտրական փուլում կրքերը գնալով թեժանում են: Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, և նրանց ազգական Հրանտ Սիրադարյանը: Երեկ նրանց մեղադրանք առաջադրվեց և որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Եվ այսպես՝ փետրվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ նույն օրը քաղաքացի Նժդեհ Բերբերյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հրանտ Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Արա Օսկանյանը, առևանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ և պահանջել վերադարձնել 1,5 միլիոն դրամ պարտքը՝հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ: Արդյունքում քաղաքացու հաղորդման հիման վրա Արա Օսկանյանը և Հրանտ Սիրադարյանը ձերբակալվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի կասկածանքով (Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առևանգելու հետ կապված չէ և կատարվել է մի խումբ անձանց կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով):

Եվ ահա երեկ լրանում էր ձերբակալվածներին անազատության մեջ պահելու ժամկետը, և պետք է որոշվեր՝ կա՛մ նրանց կալանավորում են, կա՛մ ազատ արձակում: Սակայն երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց. «Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել Հ. Սիրադարյանին և Ա. Օսկանյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ (Մարդուն առևանգել), քննիչի որոշմամբ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նկատենք, որ եթե մինչ այդ Արա Օսկանյանը և նրա քեռու որդին՝ Հրանտ Սիրադարյանը, ձերբակալվել էին մարդուն ապօրինի ազատությունից զրկելու կասկածանքով, ապա մեղադրանքը նրանց առաջադրվեց այլ հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի առաջին մասով՝ մարդ առևանգել:

Ի՞նչ է ասել պատգամավորի որդին 

Այս դեպքը այդքան մեծ հնչեղություն չէր ունենա, եթե Արա Օսկանյանը ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին չլիներ: «Ժողովուրդ»-ին հաջողվել է դեպքից որոշ մանրամասներ պարզել: Եվ այսպես՝ 18-ամյա Նժդեհ Բերբերյանը, որը այս գործում հանդես է գալիս որպես տուժող, Արա Օսկանյանի հորաքրոջ որդու՝ 18-ամյա Հրանտ Սիրադարյանի դասընկերն է: Նրանք բուքմեյքերական գրասենյակում ընդհանուր հաշիվ են ունեցել, խաղադրույթներ են կատարել: Մեզ լուրեր հասան, որ Հրանտ Սիրադարյանը Նժդեհին գումար է տվել՝ միգուցե խաղադրուք կատարելու կամ այլ նպատակով, իսկ Նժդեհը գումարը ծախսել է: Արդյունքում, երկու դասընկեր երկար ժամանակ պարտքի մասին խոսակցություններ են ունեցել, սակայն Հրանտին չի հաջողվել գումարը հետ ստանալ և արդյունքում՝ նա իր եղբորը՝ Արա Օսկանյանին է գործին խառնել, որպեսզի վերջինս, որպես մեծ, միջամտի «գործը գլուխ բերելու» հարցում:

Այս պատմության մեջ տարօրինակն այն է, որ տուժողը պնդել է, թե իրեն ազատությունից ապօրինի զրկել են, իսկ թե ինչպես են հետո ազատ թողել, որ նա գնացել ու իրավապահներին հաղորդում է տվել հանցագործության մասին, առայժմ հայտնի չէ: Մեր տեղեկություններով՝ չնայած Վարդան Օսկանյանի որդին հրաժարվել է ցուցմունք տալուց, սակայն իրավապահներից լսելով, որ իրեն մեղադրում են առևանգման մեջ, ասել է, որ ոչ մի առևանգում չի եղել, այլ իրենք գնացել են սրճարան, նստել են, անգամ Նժդեհին հյուրասիրել են, և շատ մարդիկ են դա տեսել, ուստի նրան ազատությունից զրկելու մասին խոսք լինել չի կարող: Ասել է, թե ԱԺ պատգամավորի որդին, չնայած ցուցմունք չի տվել, սակայն, ըստ էության, չի ընդունել, որ որևէ մեկին ապօրինի զրկել է ազատությունից: Ավելին՝ լուրեր կան, որ Բերբերյանները պարտքը «ջրելու» համար են գնացել այս քայլին` փորձելով իրավապահներին գործին խառնելով կատարվածից մաքուր դուրս գալ:

Նախընտրական կրքերն ու խաղաքարտը 

Ինչևէ: Ակնհայտ է, որ վերոնշյալ տղաները պարտքի հետ կապված հաշիվներ են ունեցել, որոնք, սակայն, վերածվել են նախընտրական սկանդալի Արա Օսկանյանի հոր՝ Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանի համար, որն, ինչպես հայտնի է, նորաստեղծ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով պատրաստվում է մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին: Իսկ կատարվածից բառացիորեն մեկ օր առաջ էլ նա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ ասուլիսում հանդես եկավ բավականին սուր քննադատությամբ՝ ուղղված իշխանություններին: Եվ ահա կատարվածը, ըստ էության, հարմար առիթ է Վարդան Օսկանյանի քաղաքական գործունեության դեմ օգտագործելու համար: Ինչպես հայտնի է՝ դեռևս 2012 թվականին, երբ դարձյալ Օսկանյանը պատրաստվում էր քաղաքական հայտ ներկայացնել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու շուրջ, հարուցվեց հայտնի «փողերի լվացման» գործը՝ կապված «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ: Թե ինչպես ավարտվեց այդ գործը, հայտնի է բոլորին: Օսկանյանին ներկայացված մեղադրանքը չհաստատվեց, սակայն դրանով, ըստ էության, հաջողվեց նրան հեռացնել նախագահական ընտրապայքարից: Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձություններն այս անգամ, պարզ կդառնա առաջիկայում:

Հ.Գ. Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Արա Օսկանյանը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: 2013 թվականին նա թմրամիջոց օգտագործելու համար տուգանվել էր 200 հազար դրամով: Իսկ մինչ այդ՝ դեռևս 2005 թվականին, Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց «Մերսեդես Բենց» մակնիշի 14 ՏԼ 643 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Մաշտոցի 10 շենքի բնակիչ, 68-ամյա Ալեքսանդր Համբարձումի Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Երևանի թիվ 2 հիվանդանոց: Պարզվել էր, որ վարորդը եղել էր Արա Օսկանյանը` ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին: Ի դեպ, նա եղել էր ԱԳՆ-ին պատկանող մեքենայով:

armlur.am