Հովնանյան Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից ստեղծված Վահագնի թաղամասը հայտնի է իր գնային՝ ոչ բոլորին հասու քաղաքականությամբ: Yerkir.am-ը Վահագնի թաղամասի մարքեթինգի գրասենյակից ճշտեց թաղամասի տների գնային քաղաքականությունը: Նշենք, որ այս թաղամասում ոչ միայն սեփական անշարժ գույք ունենալն է ոչ բոլորին հասու, այլև այնտեղ վարձակալական հիմունքներով ապրելու համար էլ անհրաժեշտ են պատկառելի միջոցներ:
Վահագնի թաղամասում երկու սենյականոց բնակարան վարձելու համար անհրաժեշտ է վճարել առնվազն 800 ԱՄՆ դոլար, «Հաուս» կոչվող` իրար կպած երեք սենյականոց երկու փոքրիկ առանձնատների վարչակալությունն արժե մոտավորապես 1500 դոլար: Իսկ առանձնատների վարձակալությունը սկսվում է 3000 ԱՄՆ դոլարից և կարող է հասնել մինչև 10000 ԱՄՆ դոլարի:
Իսկ ահա Վահագնի թաղամասում սեփականություն ունենալու համար անհրաժեշտ են շատ ավելի պատկառելի միջոցներ: Թաղամասում մեկ ննջասենյակով բնակարան գնելու համար անհրաժեշտ է վճարել առնվազն 80 000 ԱՄՆ դոլար: Երկու ննջասենյակով բնակարաններն արժեն 110 000 ԱՄՆ դոլար: Առանձնատները 350 000 դոլարից բարձր արժեք ունեն և կարող են հասնել մինչև 2.5 միլիոն ԱՄՆ դոլարի:
Ինչպես վարձակալման տարբերակի, այնպես էլ գնելու դեպքում գնային քաղաքականությունը մշակելիս հաշվի են առնվում բնակարանի, առանձնատան պատրաստման նյութերի որակը, շենքի՝ քարե կամ բետոնե լինելու հանգամանքը, վերանորոգման յուրահատկությունները, տեղադրված կահույքը, ննջարանների քանակը, տնամերձ հողակտորի չափը և այլն:
Հիշեցնենք, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակման, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնող Սեյրան Օհանյանը Վահագնի թաղամասում բնակվում է 4000 ԱՄՆ դոլարով վարձակալած առանձնատանը: