Հայաստանում 2016 թվականի ընթացքում պետական մանկատներում երեխաների ընդհանուր թվաքանակը կազմել է 635: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից, 2015 թվականին նրանց թիվը եղել է 660, ինչը նշանակում է, որ 2016 թվականին երեխաների թիվը պակասել է 25-ով:
2014 թվականի ընթացքում պետական մանկատներում երեխաների ընդհանուր թվաքանակը եղել է 720, 2013-ին և 2012-ին՝ հավասարապես՝ 731:
Պետական մանկատներից և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններից տեղափոխված երեխաների թվաքանակը 2016 թվականին կազմել է 42, 2015-ին` 39, 2014-ին` 38, 2013-ին` 29, իսկ 2012-ին` 35: Նրանցից բոլորը տեղափոխվել են կենսաբանական ընտանիք:
2016-ին Հայաստանում որդեգրվել է 59 երեխա, 2015-ի համեմատ 6 երեխայով ավելի: 2014 թվականին որդեգրվել է 37, 2013-ին` 74, իսկ 2012-ին 77 երեխա:
Երեխաների խնամքի և պաշտպանության ցերեկային կենտրոններում ընդգրկված երեխաների թվաքանակը 2016-ին եղել է 544, իսկ 2015-ին` 545: