Հայաստանում մեկ տարում 3714 գործազուրկ երիտասարդ աշխատանք է ստացել
Advertisement 1000 x 90

Հայաստանում մեկ տարում 3714 գործազուրկ երիտասարդ աշխատանք է ստացել

Զբաղվածության տարածքային կենտրոնների միջոցով աշխատանքի ընդունվածների թիվը 2016թ-ին աճել է նախորդ` 2015-ի համեմատ: 2016-ին աշխատանքի է տեղավորվել 17 473 աշխատանք փնտրող, 2015-ին՝ 16 598: Այս մասին նշեց Զբաղվածության պետական գործակալության տեղեկատվական ապահովման բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը:

«2016-ին աշխատանքի ընդունվածներից 3714-ը եղել է գործազուրկ երիտասարդ, որից 816-ը ապահովվել է սեզոնային կամ ժամանակավոր աշխատանքով: Աշխատանքի ընդունվածներից 990-ը եղել է հաշմանդամություն ունեցող անձ, որից 764-ն ստացել է սեզոնային կամ ժամանակավոր աշխատանք: Աշխատանքի տեղավորվածների 18.5%-ն աշխատում է արդյունաբերության, 17.2%-ը` մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման, 17.3%-ը` սպասարկման և այլ ծառայությունների, 8.1%-ը` կրթության, 7.5%-ը`առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտներում»,- ասաց Ցողիկ Բ եջանյանը:

Տարեսկզբից իրականացվել են կայուն և ժամակավոր զբաղվածություն ապահովող ծրագրեր:

Կայուն զբաղվածության ծրագրերի շրջանակներում իրականցվել է, օրինակ, «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում», որի շրջանակներում պայմանագիր է կնքվել 1284 գործազուրկի հետ: «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում 82 գործազուրկ ընդգրկվել է կազմակերպված մասնագիտական ուսուցման դասընթացներում: «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 418 անձ: Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում» ծրագրով իրականացվել է թվով 11 տոնավաճառ: Ծրագրի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 833 աշխատանք փնտրող անձ: «Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում» ծրագրով այլ վայր աշխատանքի է գործուղվել 25 անձ, որից 13-ը կին: «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկն երին աջակցության տրամադրում» ծրագրով աշխատանքային պրակտիկա է անցել 473 գործազուրկ:

Ժամանակավոր զբաղվածությանը նպաստող ծրագրերի շրջանակներում, օրինակ, «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրով՝ 10 մարզերի 451 համայնքում կնքվել է 5967 պայմանագիր: Ծրագրերում ընդգրկել է 7640 շահառու: Ծրագրի իրականացման արդյունքում մշակել է 9746.7 հա հողատարածք: «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի մեջ ներառվել է 27 համայնք (որից 11-ը` քաղաքային, 16-ը` գյուղական): Իրականացվել է 33 ծրագիր: Ծրագրում ընդգրկված անձանց թիվը կազմել է 287 անձ:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց գործատուներին այցելության համար դրամական օգնության տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 2005 անձ: «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 54 գործազուրկ:

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 95.8 հազար: Նրանցից գործազուրկների թվաքանակը կազմել է 84.4 %-ը, կամ 80.5 հազար մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմել է գործազուրկների 23.6 %-ը կամ 19.2 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձիք 3,6%-ը կամ 2.9 հազ. մարդ:

 



Նման նյութեր