Գավառի քաղաքապետարանի միջոցների հաշվին փետրվարի 10-ից ընթացել և ավարտվել են քաղաքի աղբավայրում աղբի թաղման և տարածքի մաքրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գավառի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ տնօրեն Յուրա Մինասյանը, աղբավայրն ընդգրկում է շուրջ 2 հեկտար տարածք, որտեղ օրական տեղափոխվում է մոտ 15 տոննա աղբ:
«Աղբավայրում աշխատել է 1 միավոր տեխնիկա, ինչի պատճառով աշխատանքները համեմատաբար ավելի երկար օրերի ընթացքում ենք հասցրել ավարտին: Աղբավայրում կուտակված աղբը տեխնիկայի օգնությամբ լցվել է մոտակա ձորը և ծածկվել հողի շերտով, միևնույն ժամանակ աղբից ամբողջովին մաքրվել է աղբավայրը՝ նոր աղբի կուտակման տեղ ստեղծելու նպատակով: Մյուս կողմից էլ աղբաթաղումը նպաստում է, որ քամու ազդեցությամբ պոլիէթիլենային տոպրակներով և այլ թափոններով չաղտոտվի շրջակա միջավայրը»,-ներկայացրեց Յուրա Մինասյանը: Աղբավայրի աղբաթաղումը և տարածքի մաքումը կատարվում է ամեն տարի, 2-3 անգամ՝ կախված աղբի կուտակման ծավալներից: Սակայն Գավառի քաղաքապետարանում, ինչպես նաև մարզի մյուս համայնքներում, անհամբեր սպասում են «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» ընդհանուր մեկնարկին, որով նախատեսվում է կենցաղային աղբը հատուկ աղբահան մեքենաներով դուրս տանել Գեղարքունիքի մարզի տարածքից:
«Մեր քաղաքի զարգացման հնգամյա ծրագրում ներառված են «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» դրույթներից բխող պահանջները և գործողությունները: Այդ հույժ կարևոր ծրագրի կենսագործման դեպքում մեր աղբավայրի հետագա շահագործումը դադարեցվելու է, իսկ տարածքը հիմնովին ազատվելու է աղբի կուտակումներից, աղտոտվելու վտանգից»,-ներկայացրեց ՀՈԱԿ տնօրենը:
Խոսրով Խլղաթյան