Հայաստանում գրեթե բոլոր վարորդներն առերեսվել են վարչական տուգանքների կրկնապատկման խնդրի հետ: Եղել են դեպքեր, երբ վարորդները պատշաճ չծանուցվելու, կամ ուղղակի հնարավորության բացակայության պատճառով չեն կարողացել վճարել տուգանքները սահմանված ժամկետում:
Ճիշտ ժամանակին չվաճերու պատճառով տուգանքները կրկնապատկվել են, ինչն էլ ավելի է բարդացրել վարորդների վիճակը և ինչ-որ տեղ դժգոհություն առաջացրել: Եղել են այնպիսի մարդիկ, ովքեր իրենց դժգոհությունը արտահայտել են դատարան դիմելու եղանակով, ինչը համաձայնվեք անիմաստ ժամանակի կորուստ է, քանի որ տուգանքների կրկնապատկվելը ամրագրված է օրենքով: Այս խնդրի կարգավորումը պահանջում է օրենսդրական լուծում, միայն այդ դեպքում հնարավոր կլինի խնայել ինչպես միջոցները, այնպես էլ՝ ժամանակը:
Հաշվի առնելով, որ մենք այլևս չունենք ծանուցման համակարգի խնդիրներ (դրանք վարչապետի հանձնարարությամբ իրականացվելու են էլեկտրոնային եղանակով), ստացվում է, որ չվճարելու հիմնական պատճառը կարող է լինել միայն հնարավորության բացակայությունը: Օրերս տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում, գործադիրը հավանություն է տվել Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգին և հաստատել դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:
Հայեցակարգը, մասնավորապես, անդրադառնում է Ճանապարհային ոստիկանության համակարգում առկա իրավիճակին և խնդիրներին,տվյալ խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին և ակնկալվող արդյունքներին: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է համակարգի բարեփոխումներին ուղղված 24 միջոցառում, ինչը կնպաստի բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի, ճանապարհային պատահարների թվի և հետևանքների նվազեցմանը, վարչական բեռի թեթևացմանը: Մասնավորապես՝ առաջարկվում է հանել (դադարեցնել) տուգանքի գումարը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրա նկատմամբ 25 կամ 50 տոկոս չափով հաշվեգրվող ավելացումների ինստիտուտի կիրառումը:
Արդյունքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվարկման և գանձման առավել պարզ և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից առավել արդյունավետ համակարգ, ինչը հնարավորություն կտա ճշգրիտ կիրառել վճարային կազմակերպությունների կողմից տուգանքի վճարումն ընդունելու՝ Ճանապարհային ոստիկանությունից տվյալներն առցանց ստանալու և դրա հիման վրա վճարումն ընդունելու համակարգը, որը կբացառի տուգանքների կրկնակի վճարման պահանջ ներկայացնելը կամ վճարված լինելու դեպքում տուգանքը հարկադիր կատարման ներկայացնելը:
Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից