Շահեն Սերյանյանը ծնվել է 1959 թվականին։ Կնոջ, 8 ամսական երեխայի, քրոջ, մոր, հոր, զոքանչի և աներձագի հետ փախել է Սումգայիթից, որտեղ բնակվում էր 45–րդ թաղամասի 12–րդ տան 38–րդ բնակարանում։ Աշխատել է որպես կահույքագործ։ Նա պատմում է Փետրվարի 27–ի երեկոյան ժամը 8–ին տանը նստած էինք, զանգահարեց մեր բարեկամը՝ Շահումյանի շրջանից և ասաց, որ եկել է Բաքվից, չի կարող տուն մտնել, թուրքերը ամբոխով հավաքվել են, հայերի գործը վատ է:
Մենք սկզբից չհավատացինք: Քեռիս էր մեր տանը, ասաց, որ Սումգայիթում էլ անհանգիստ վիճակ է, թուրքերը հավաքվում են: Մեր թաղամասում գիշերը ոչինչ չպատահեց: Առավոտյան ժամը 11–ից մեր թաղամասն էլ իրար խառնվեց: Հազարավոր մարդիկ գոռալով, հայհոյելով վխտում էին Դրուժբայի, Նարիմանովի փողոցներով, հարձակվում հայերի վրա, ծեծում կամ սպանում: Հայերը սկսեցին իրար զանգահարել․ տներից դուրս մի՛ եկեք, դռների վրայի ազգանունները հանե՛ք: Ամբողջ օրը դուրս չեկանք: Օֆելյա Յուսիֆովնան, Էլդարը, Շաքիր Շիրինովը ասացին՝ մի՛ վախեցեք, կպաշտպանենք:
Երկուշաբթի մեզանից ոչ ոք գործի չգնաց: Մայրս գործարանի բուժկետում է աշխատում, բժշկուհին զանգահարեց․ գործի չգաս: Հայրս դուրս եկավ՝ իր մորաքրոջը Բաքու ուղարկելու: Վերադարձավ լաց լինելով: Նա տեսել էր, թե ոնց են մարդկանց սպանում, գցում պատուհաններից: Երեկոյան ժամը 5–ին ամբոխը ներխուժեց հարևան 5 հարկանի շենք:
Սարսափելի ճիչ բարձրացավ: Լսեցի իմ ծանոթի՝ Սաշայի կնոջ ձայնը․ «Помогите»: Մեր ադրբեջանցի հարևան Էլշադը պատմեց, որ Սաշայի կնոջը՝ Ավագյան Լոլային, դուրս հանեցին շքամուտքից՝ առանց շորերի: Սաշային ու Լոլային սպանեցին այլանդակ խոշտանգումներից հետո: Նրանք երեխա չունեին: Լոլայի մարմինը մի 500 մետր քարշ տվեցին Դրուբայի փողոցով, դեռ ողջ էր, սպանեցին չայխանայի (թեյարանի) մոտ:
Միլիցիան ոչ մի միջոց չէր ձեռնարկում: Նույն շենքից մի ծերունու ծեծեցին: