Հայաստանի սոցիալապես անապահով ընտանիքները պատշաճ կարգով ստացել են թվային հեռարձակման ընդունիչ սարքերը: Սարքերի տրամադրման գործընթացում որևէ խնդիր չկա: Այս մասին նշեց «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը:
«Սոցիալապես անապահով 108 հազար ընտանիքի կցորդ սարք է տրամադրվել: Բաշխումն իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման նախարարությունների միջոցներով: Մենք որևէ զանգ չենք ստացել այն մասին, որ սոցիալապես անապահով ընտանիքին չի հասել: Նման խնդիր չկա»,-ասաց Գրիգոր Ամալյանը:
Ամեն դեպքում, Գրիգոր Ամալյանը նշեց, որ թվային հեռարձակմանն անցում կատարելու փուլում ստացել են 100 զանգ: Բողոքները կապված են եղել տեխնիկական հարցերի, սարքի դժվար միացման հետ: Այդ ընտանիքներին տրամադրվել է համապատասխան տեխնիկական օժանդակություն: Վերջին մեկ ամսվա ընթացքում զանգերի թիվը զգալի նվազել է:
Հայաստանում 2016թ. հոկտեմբերի 20-ին մեկնարկել է անալոգային հեռարձակման ցանցի անջատման ծրագիրը: Կատարված աշխատանքների արդյունքում Հայաստանի ամբողջ տարածքով տեխնիկապես 100 տոկոսով ապահովվում է թվային ազդանշան: