Բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն մոռանում են, թե ինչ են հայտարարագրել տարիներ առաջ և հրաժարվում են իրենց իսկ գույքից: Այդպես եղավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գալիք ընտրություններին պատգամավորության թեկնածու Սեդրակ (Սեյրան) Սարոյանի դեպքում:
Նվեր ստացած հողամաս և չհայտարարագրած առանձնատուն
2010թ. Գաննա (Աննա) Օնիշչենկոն ՀՀ Աժ պատգամավոր Սեդրակ Սարոյանին անհատույց նվիրել է Օդեսայի նահանգի Օվիդեոպոլսկի շրջանի Միզիկևիչ գյուղում գտնվող իրար հարևանությամբ երկու հողատարածք, որի ընդհանուր մակերեսը 0.200 հեկտար է: Հողամասը նախատեսված է կառուցապատման համար, ինչն էլ իրականացվել է, սակայն շինարարությունը մնացել է անավարտ:
Օնիշչենկոն նշված տարածքի սեփականատեր է դարձել 2005թ.: Թեև հայաստանցի պատգամավորին է նվիրել նշված անշարժ գույքը, սակայն կոմունալ վճարները կատարվում են դեռ Օնիշչենկոյի անունով:
ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը իր սկզբնական հայտարարագրում նշել է նաև Միզիկևիչում գտնվող գույքի մասին, սակայն այժմ չի «հիշում», որ նման գույք ունի:
Բանն այն է, որ Ս. Սարոյանը Ուկրաինայում, մասնավոարապես՝ Օդեսայի նահանգում մի քանի անուն գույք ունի, որից միայն մեկն է հայտարարագրել: Քանի որ գույքը մեկից ավելին է, պատգամավորը շփոթվել և հայտարարագրել է Միզիկևիչ գյուղում գտնվող այն գույքը, որի մասին այժմ չի հիշում և իր անունով չէ: Փոխարենը չի հայտարարագրել այն գույքը, որի մասին խոսում է, թեև մեծ դժվարությամբ:
Մենք եղել ենք այդ հասցեում: Իրար հարևանությամբ գտնվող երկու հողամասերից մեկի վրա վեր էր խոյանում երկհարկանի մի շինություն: Թաղամասում բնակվում էին մեծամասամբ մեծահարուստներ, կային բավականին շքեղ առանձնատներ:
Հարևանները գիտեին, որ նշված տունը պատկանում է հայաստանցի գեներալի: Նրանք պատմում էին, որ գեներալը հաճախ է լինում Օդեսայում, սակայն իր շքեղ առանձնատանն է ապրում, որը գտնվում է այդ շինությունից քիչ հեռու՝ ծովին մոտ: Նշված թաղամասում ևս մեծահարուստներ են ապրում: Իսկ կիսատ մնացած շինությունն էլ պատգամավորը նպատակ է ունեցել դարձնել հյուրանոց, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով շինարարությունը կիսատ է մնացել:
Թաղամասը, որտեղ ամռան ամիսներին ապրում են Սեդրակ Սարոյանն ու իր ընտանիքի անդամները, հսկվում էր անվտանգության աշխատակիցների կողմից և այնտեղ կողմնակի մարդկանց մուտքն արգելված էր: Դա էր պատճառը, որ չկարողացանք տեսնել այն: Միայն տան տերերի համաձայնությամբ կարող էինք մուտք գործել, իսկ այդ ժամանակ Սարոյաններն Ուկրաինայում չէին:
Կիսակառույցում պահվող խունացած ու տեղ-տեղ դեղնած հատակագծից, որի պատվիրատուն եղել է Սեդրակ Սարոյանը, պարզ դարձավ, որ կիսակառույց շենքն ունի նկուղային հարկ, որի մակերեսը մոտ 265քմ է, ևս երկու հարկ և ձեղնահարկ: Նկուղային հարկում կա մոտ 68քմ մակերեսով ընդհանուր հյուրասենյակ, գինու համար նախատեսված առանձին սենյակ, համտեսի սենյակ, մարզասրահ, որի մակերեսը մոտ 49քմ է, տնային կինոթատրոն և այլն: Մնացած հարկերը և ձեղնահարկը բնակելի հատվածն են:
Շինությունն ընդհանուր առմամբ ունի 58 սենյակ, որից 11-ը՝ ննջասենյակ, 17-ը՝ սանհանգույց, 3-ը՝ մեծ սրահ և այլն: Շինությանը պահակություն էին անում ուկրաինացի ամուսիններ, որոնք բնակվում էին տարածքում կառուցված տնակում:
Ուկրաինայի Օդեսայի նահանգում Սեյրան Սարոյանը վաղուց է բիզնես կապեր հաստատել: Նա ծովափին ունի վարձակալած լողափ, ժամանակին աշխատեցնում էր նաև «Դուդուկ» հայկական ռեստորանը, սակայն արդեն 3-4 տարի է հրաժարվել է «Դուդուկից» և այն «Արտ-Շար» անվանումով շահագործում են դարձյալ հայեր՝ Արտաշատ քաղաքից: «Տեսանք մեր բիզնեսը չի, մեր խելքի բանը չի, հետ տվեցինք»,-ասում է Սեդրակ Սարոյանը:
Հայտարարագրված, բայց իրականության հետ կապ չունեցող գույք
Սեդրակ Սարոյանի ունեցվածքն ըստ հայտարարագրի
- ք. Էջմիածին, Չարենցի փողոց – բնակարան
- ք. Էջմիածին, Մաշտոցի փողոց – երկհարկանի առանձնատուն, տնամերձ հողամաս, հողին ամրակալված այլ անշարժ գույք
- ք. Էջմիածին, Էջմիածին-Մարգարա մայրուղի – հողամաս
- ք. Էջմիածին Մաշտոցի փողոց -երկհարկանի բնակելի տուն, տնամերձ հողամաս
- Արմավիրի մարզ, գ. Հայկաշեն – տնամերձ հողամաս և գյուղնշանակության հողամաս
- ք.Երևան Ազատության պողոտային հարող հատված – 2 միավոր ոչ գյուղնշանակության հողամաս:
ՌԴ Լենինգրադի մարզ
- ք. Վսեվոլոժսկ – բնակելի տուն և հողամաս
- ՌԴ ք. Սոչի Կենտրոնական շրջան – բնակարան
Ուկրաինա
Օդեսայի մարզ, ավան Միզիկևիչ – երկհարկանի տուն և հողամաս
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով
«Հիշատակված ողջ անշարժ գույքը նույնական է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սեդրակ Ֆիրդուսի Սարոյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում արտացոլված անշարժ գույքի հետ: Ս. Սարոյանի կողմից ներկայացված 2012-2016թթ. տարեկան հայտարարագրերում արտացոլված տվյալների համաձայն՝ համապատասխան ժամանակահատվածում անշարժ գույք չի օտարվել»:
Այնուհանդերձ, պատգամավորը հրաժարվում է իր իսկ հայտարարագրած գույքից:
2011-2015թթ. էթիկայի հանձնաժողով ներկայացրած Սեդրակ Սարոյանի հայտարարագրերով նրա եկամուտները և դրամական միջոցները նվազել են: Իսկ Կինը՝ Լիանա Սարոյանը, առհասարակ եկամուտ չի ստանում:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձանցից հայտարարագիր են ներկայացնում միայն ամուսինը, նրա հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակը:
Սեդրակ Սարոյանի չափահաս երկու որդիները՝ Զարզանդ և Աշոտ Սարոյանները, միայն 2011թ. են հայտարարագիր ներկայացրել են: Նրանք ամուսնացել են և այլևս հայտարարագիր ներկայացնող սուբյեկտ չեն: Նշված տարում եկամուտ ցույց է տվել միայն ավագ որդին: