«Հաց բերողի» հարցով մի խանգարեք Շուշան Պետրոսյանին. newsbook.am
Advertisement 1000 x 90

«Հաց բերողի» հարցով մի խանգարեք Շուշան Պետրոսյանին. newsbook.am

Արդեն 19 օր է` «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած «Հաց բերող» Արթուր Սարգսյանը հացադուլի մեջ է: Չընդունելով հացադուլը դադարեցնելու հորդորները՝ «Հաց բերող»-ը, չխնայելով առանց այդ էլ վտանգված կյանքը, շարունակում է այդ կերպ իր բողոքը հայտնել: Նշենք, որ դատարանի որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանամ միջոցը կրկին փոխարինվեց կալանքով: Արթուր Սարգսյանին ազատելու պահանջն օրեցօր ավելի ընդգրկուն է դառնում՝ հասարակությունը պահանջում է նրան անհապաղ ազատ արձակել` հաշվի առնելով նաև վերջինիս առողջական վատ վիճակը:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ի պատասխան newsbook-ի հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք նամակով դիմել Սերժ Սարգսյանին, նշել է. «Նախ և առաջ այնտեղ նամակ կար, որի տակ ես ստորագրել եմ: Առհասարակ ես նամակով դիմում եմ նրանց, որոնք բանտում են: Բայց միանշանակ կողմնակից եմ, որ Արթուր Սարգսյանին ազատեն, առավել ևս՝ հաշվի առնելով նաև իր առողջական վիճակը, հանցանքի բացակայությունը և հազար ու մի հումանիտար, մարդասիրական սկզբունքներ: Ես եթե կարող եմ խոսել և իմ ձայնը կարող է լսվել, ես նամակով այդ մարդուն չեմ դիմի: Ես դիմում եմ միայն այն ժամանակ, երբ մարդը նստած է բանտում և ուրիշ ձևով նրա հետ շփվելու հնարավորություն չունեմ»:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը շեշտել է, որ միանում է «Հաց բերող»-ին ազատ արձակելու հասարակական պահանջին: «Ես արդեն մի քանի անգամ հայտարարել եմ այդ մասին և կարծում եմ՝ դա ճիշտ է` առաջին հերթին ելնելով մարդասիրական բոլոր սկզբունքներից»,- հավելեց Ռուբեն Բաբայանը:

Ի տարբերություն Ռուբեն Բաբայանի` ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այս հարցում այլ դիրքորոշում ունի: Նրան այլ հարցեր են հետաքրքրում: Ըստ կայքի՝ նրա հետ զրույցից հասկացել են, այդ հարցերի շարքում հաստատ դանդաղ մահվան դատապարտված «Հաց բերող»-ը չկա:

Հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք դիմել Սերժ Սարգսյանին, նա պատասխանել է. «Այդպիսի նախաձեռնություն արդեն արվել է Ազգային ժողովում: Էդմոն Մարուքյանն արդեն պատրաստել է նամակ, անձամբ ես ինչո՞ւ պետք է պատրաստեմ: Մարդկայնորեն կարող եմ իրեն առողջություն ցանկանալ: Կան կոնկրետ պատկան մարմիններ, որոնք զբաղվում են թե՛ առողջապահության բնագավառում, և թե՛ իրավապահների մեջ: Այնպես որ ուրիշ հարց տվեք»:

Ուրիշ հարցին, թե չե՞ք ստորագրել այդ նամակի տակ, Շուշան Պետրոսյանը պատասխանել է. «Ես չեմ ստորագրել, քանի որ կարծում եմ՝ ամեն ինչ հսկողության տակ է և ամեն ինչ կկարգավորվի»: Դիտարկմանը՝ այնուամենայնիվ, չե՞ք պատրաստվում արդյոք ստորագրել նամակի տակ, Շուշան Պետրոսյանը նման կերպ արձագանքեց. «Հարց կարո՞ղ եք տալ, ուրիշ, ավելի հետաքրքիր հարց»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: