Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ այսուհետ ամեն մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել Հայաստան, իսկ որևէ խնդրի դեպքում կարող են զանգահարել իրեն: Փաշինյանի խոսքով` ներկայումս «Արա Գ.Գ.» ընկերությունը շուրջ 1 ամիս է չի կարողանում մաքսազերծել մոտ 460 տոննա կերոսինը:
Փաշինյանը հանդիպել է ՊԵԿ ղեկավարության, էկոնոմիկայի նախարարի, Ստանդարտների ազգային ինստիտուտի ղեկավար խմբի հետ և միանշանակ է, որ խոչընդոտ է հարուցվում:
«Գուցե խնդիրն այն է, որ Պետրոս Ղազարյա՞նը չի ձեզ զանգել»,- հարցրեց Փաշինյանը:
«Ինչ հայտարարել եմ, այդ հայտարարությանը տեր եմ»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ Փաշինյանի հորդորը տեղ է հասել, և այս պահին իր օգնականն այդ հարցով զբաղվում է: Սակայն, ըստ վարչապետի, խնդիրն այն է, որ ներմուծվածը կերոսին չէ, այլ վառարանային վառելիք է, իսկ քանի որ այդպիսի սպառում Հայաստանում այս պահին չկա, իրենք կասկածում են, որ վառարանային վառելիքը կերոսինի հետ է խառնվում և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք:
Կ.Կարապետյանը նշեց, որ այս ոլորտում կան համակարգային խնդիրներ, որոնց պետք է լուծում տալ և այդ պատճառով հետազոտություններ են կատարվում, որպեսզի շուկա չմտնի մի ապրանք, որը հետո կարող է հայտնվել մեկ այլ տեղ:
«Որ քաշքշուկ կա այս ապրանքի ներկրման հետ, դուք ճիշտ եք»,- փաստեց Կ.Կարապետյանը:
Փաշինյանը չաամաձայնեց վարչապետի հետ և պնդեց, որ մասնագետների եզրակացություն ունի, որ դա կերոսին է, և նկատեց, որ եթե նույնիսկ դա վառարանային վառելիք է, ապա ՀՀ օրենքով դրա ներկրման արգելքի իրավունք չկա: Պատգամավորի կարծիքով` վարչապետի հայտարարությունը, թե այսուհետ ամեն մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել Հայաստան, չի գործում. «Սա հիշեցնում է հայտնի գործի հայտնի նախադասությունը՝ բոլոր կենդանիները հավասար են, իսկ որոշ կենդանիներ ավելի հավասար են»:
Կ.Կարապետյանը հայտարարեց, որ խաղի կանոնները պետք է կանոնակարգվեն և հիշեցրեց, որ հենց նման խնդիրներն էին պատճառը, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում:
«Ես պնդում եմ, որ մենք սահմանի վրա որևէ ապրանքի ներկրման սահմանափակում չունենք»,- հավելեց Կարապետյանը: