Արտակարգ դեպք Արարատի մարզում. բեռնատար գնացքը 150 գառների ու ոչխարների սպանդ է իրականացրել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Արարատի մարզում. բեռնատար գնացքը 150 գառների ու ոչխարների սպանդ է իրականացրել. shamshyan.com

Այսօր՝ մարտի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի վարչական տարածքում՝ գնացքի գծերի վրա, 150-ից ավելի սատկած ոչխարներ ու գառներ կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ ժամը 10։00-10։50-ի սահմաններում բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել գնացքի գծերի վրայով անցնող ոչխարի հոտը, ինչի հետևանքով էլ 140 ոչխար տեղում սատկել է, իսկ մոտ 25 ոչխար էլ վիրավորվել է։ Պարզվել է, որ ոչխարները պատկանում են Արարատի մարզի Լանջազատ գյուղի բնակիչ, սակայն ժամանակավորապես Նորուղի գյուղում բակվող 49-ամյա Ջասմ Խդոյանին։

Նշված վայր են ժամանել նաև Լանջազատի գյուղապետ Հրայր Հակոբջանյանն ու Տափերականի գյուղապետ Միհրան Մանասերյանը։ Դեպքի մասին տեղեկացվել է Արարատի մարզպետ Արայիկ Գրիգորյանին, ում կարգադրությամբ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պատասխանատուները՝ վարչության պետ Հայկազ Տերտերյանի գլխավորությամբ ժամանել են նշված վայր։ Գյուղացիներն ասում էին, որ գառների տերը վարկով 10 մլն դրամ էր վերցրել բանկից և այն ներդրել էր ոչխարաբուծության մեջ, սակայն հիմա խեղճ գյուղացին չգիտի, թե ով և ինչպես է փոխհատուցելու վնասը։ Այդ ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և նրանք իրենց գոյությունը պահում էին ոչխարաբուծությամբ զբաղվելով։ Սատկած ոչխարների մեծ մասը նոր է ծննդաբերել գառնուկներ և նրանց ձագերն էլ չեն ապրի, քանի որ, նրանց կաթ տվող ոչխարները սատկել են։

Մարզպետարանից հայտնեցին, որ մարզպետը խոստացել է անել ամեն հնարավորը՝ տուժած ընտանիքին սատար կանգնելու համար։ Կենդանի մնացած, սակայն վիրավոր գառներին արդեն մորթել են, որպեսզի միսը հանձնեն Երևանի կենդանաբանական այգի։ Այս պահին տեղանքում հսկողություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները՝ Տափերական գյուղի համայնքային ոստիկան Դավիթ Միրզոյանի գլխավորությամբ։

Բեռնատար գնացքի վարորդը, ըստ տեղեկությունների, արդեն հայտարարել է, որ մառախուղ է եղել և ինքը չի նկատել գառներին, իսկ գառները մոտ 1 կմ երկարությամբ ցրիվ են եղած, սատկած ոչխարների մեջ կան ձագով ոչխարներ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը`Գագիկ Շամշյանի

shamshyan.com